ԱՄՆ-ը դիտարկում է Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցներ սահմանելու և Միացյալ Նահանգներից ռուս դիվանագետների արտաքսելու հարցերը: Այս մասին հաղորդում է Bloomberg կայքը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Սպիտակ տունը ավարտել է ենթադրաբար Ռուսաստանի թշնամական գործողությունների ուսումնասիրությունները, և հիմա Վաշինգտոնը դիտարկում է պատասխանել այդ քայլերին՝ Ռուսաստանի հաքերային հարձակումներին ու նախագահական վերջին ընտրություններին միջամտելու փորձերին։ Ակնկալվում է, որ պատժամիջոցների ցանկում կընդգրկվեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավորներ, ռուսական պետական որոշ հաստատություններ։
Միացյալ Նահանգներից Ռուսաստանի դիվանագետներին արտաքսելու հավանականության մասին Bloomberg-ը նշել է, որ խոսքը դիվանագետի անվան տակ ԱՄՆ-ում գտնվող ռուսական հետախուզության գործակալների մասին է։
Ավելի վաղ ամերիկյան հետախուզությունը զեկույց էր հրապարակել, որում նշված էր, որ Ռուսաստանը փորձել է միջամտել ու ազդեցություն ունենալ նաև ԱՄՆ-ի նախագահական վերջին ընտրությունների արդյունքների վրա։
Ջո Բայդենը նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո հանձնարարել էր ուսումնասիրել Ռուսաստանի գործողությունները։ Փաստերի ստուգումը հիմնականում տարվում է չորս ուղղություններով՝ ամերիկյան ընտրություններին ենթադրյալ միջամտություն, Աֆղանստանում ամերիկացի զինծառայողներին սպանելու համար Ռուսաստանից տրվող պարգևավճարների մասին լուրերի ստուգում, հաքերային հարձակումներն ու ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու թունավորումը։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, թե Ռուսաստանը կպատասխանի ԱՄՆ-ի ցանկացած ոչ բարեկամական քայլի։ Լավրովը այդ մասին խոսել է Ղազախստանում։ Նուր Սուլթանում կայացած մամուլի ասուլիսում, երբ նրան հարցրել են, որ ԱՄՆ-ն ավարտել է Ռուսաստանի թշնամական քայլեի ուսումնասիրությունը և պատրաստվում է պատասխանել դրանց, Լավրովն ասել է, թե դա նույնիսկ դժվար է մեկնաբանել: «Մենք ոչ բարեկամական ցանկացած քայլի կպատասխանենք, դա ինքնըստինքյան հասկանալի է», - ասել է նա։
Ռուսաստանի ԱԳ նախարարի խոսքերով՝ քանի որ ԱՄՆ-ն այլևս չի մասնակցում «Բաց երկնքի» համաձայնագրին, ինչպես երևում է ձեռքերն ազատվել են, հատուկ ներկայացուցիչ են նշանակում «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցումը դադարեցնելու համար։ «Պարզապես գնալու է և բոլորին սպառնալու, ահա այսպիսի դիվանագիտություն է իրականացվում», - դժգոհել է Ռուսաստանի արտգործնախարարը՝ Վաշինգտոնի քաղաքականությունը գնահատելով փակուղային։
«Պոլիտկո» հանդեսը գրել է, որ Վաշինգտոնը պատրաստվում է հատուկ ներկայացուցիչ նշանակել «Հյուսիսային հոսք 2» գազատարի հարցով։ Կրեմլի մամուլի խոսնակը այսօր պատասխանելով լրագրողների հարցերին, դա գնահատել է ուրիշ երկների ներքին գործերին ու տնտեսական շահերին միջամտելու փորձ։
ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ Պեսկով ասել է, թե Ռուսաստանը պատրաստ է վատթարագույն սցենարին․ «Ամերիկյան կողմի թշնամական ու անկանխատեսելի գործողությունները մեզ պարտադրում է պատրաստ լինել վատթարագույն սցենարին», - ասել է Կրեմլի խոսնակ Պեսկովը։