Մայիսի 26-ի ընտրություններում Բաշար Ասադն իրական մրցակից չի ունենա

Սիրիայի նախագահ Բաշար Ասադ, արխիվ

Գրեթե կասկած չկա, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կշարունակի ղեկավարել չդադարող քաղաքացիական պատերազմի պայմաններում ապրող մերձավորարևելյան այդ երկիրը։ Դա պարզ դարձավ երեկ, երբ Սիրիայի Սահմանադրական դատարանը պաշտոնապես հրապարակեց մայիսի 26-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուների ցանկը։ Մրցապայքարի ընթացքում որևէ իրական մրցակից Ասադը չի ունենա։

«Ներկայացված փաստաթղթերի հիման վրա հավանության են արժանացել երեք թեկնածուների մասնակցության հայտերը։ Մնացած բոլոր թեկնածուների դիմումները սահմանադրական և իրավական նորմերի խախտման պատճառով մերժվել են», - Դամասկոսում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարում էր Սիրիայի Բարձրագույն սահմանադրական դատարանի նախագահ Ջիհադ Ալ -Լահամը։

Մայիսի 26-ի ընտրությունների ընթացքում Ասադի մրցակիցներն են լինելու իր իսկ կառավարության կազմում տարիներ շարունակ որպես փոխնախարար աշխատած Աբդալա Սալում Աբդալան և իշխանությունների վերահսկողության տակ գտնվող ընդդիմադիր կուսակցություններից մեկի առաջնորդ Մահմուդ Ահմեդ Մարեին։ «Ընդհանուր առմամբ նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկություն էր հայտնել 51 գործիչ», - հաղորդում է Reuters գործակալությունը` արձանագրելով, որ արևմտյան շրջանակներն ու սիրիական ընդդիմությունն առաջիկա քվեարկությունը այլ կերպ քան ֆարս չեն բնութագրում։

Սիրիական օրենքների համաձայն՝ նախագահի պաշտոնի համար կարող են պայքարել այն թեկնածուները, որոնք վերջին տասը տարիների ընթացքում բնակվել են երկրի տարածքում, ինչը ավտոմատ կերպով բացառում է արտերկրում ապրող ընդդիմադիրների հնարավոր ներգրավումը ընտրապայքարում։

Արևմտյան լրատվամիջոցների գնահատմամբ՝ մայիսի 26-ի ընտրությունները չեն ճանաչվի աշխարհի պետությունների մեծամասնության, ինչպես նաև Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից։ ՄԱԿ-ի ներկայացուցիչները դեռ ապրիլի վերջին էին հայտարարել, որ նախագահական ընտրությունները հակասում են Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևերի մի շարք դրույթներին, որոնց համաձայն՝ Սիրիայում պետք է նոր Սահմանադրություն ընդունվի և դրանից հետո միայն ՄԱԿ-ի վերահսկողության ներքո համապետական ընտրություններ անցկացվեն։ Նույն մոտեցումն ունի նաև պաշտոնական Վաշինգտոնը։ «Այս ընտրությունները չեն կարող ոչ արդար լինել և ոչ էլ ազատ։ Դրանք որևէ կերպ չեն լեգիտիմացնի Ասադի վարչակազմը», - հայտարարել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։

Բայց չնայած Արևմուտքից հնչող այս քննադատությանը, 2000 թվականից երկիրը կառավարող Բաշար Ասադը պատրաստվում է իր նախագահության հերթական՝ թվով չորրորդ յոթնամյա ժամկետին։ Ընտրություններին ընդառաջ Բաշար Ասադը համաներում է հայտարարել՝ քրեական պատասխանատությունից ազատելով նախևառաջ զորակոչից խուսափող երիտասարդներին։ Բացի այդ, վերջին շաբաթներին Ասադի կառավարությունը հայտարարեց պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացման, ինչպես նաև ֆինանսական շուկայում կարգուկանոն հաստատելուն ուղղված մի շարք գործողությունների մասին։

Արևմուտքից հնչող գնահատականների համաձայն, այդուհանդերձ, Ասադի այս բոլոր քայլերը հստակ նախընտրական ուղղվածություն ունեն, իսկ բուն ընտրությունների անցկացումը նպատակ ունի կենտրոնական կառավարության կողմից երկրում իրավիճակի լիակատար վերահսկողության պատրանք ստեղծել։