«Մենք պայմանավորվել ենք, որպեսզի խորհրդարանն արձակենք, որպեսզի ժողովուրդն ընտրություն իրականացնելու հնարավորություն ունենա և ընտրությունով ճգնաժամը հանգուցալուծվի», - այսօր Ազգային ժողովի հատուկ նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարեց խորհրդարանի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ արձագանքելով Փաշինյանի՝ ամբիոնից արած հայտարարությանը։
Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն էլ իր ելույթում այսօր հայտարարեց՝ շահարկումներ կան, թե ինչ-որ ուժեր երկրորդ փուլում այլ սցենար են ուզում զարգացնել և թեկնածու առաջադրել։ «Եթե փորձեր լինեն պայմանավորվածությունները խախտելու, մենք ունենք պատրաստի լուծում՝ «Իմ քայլը» խմբակցությունը կընտրի վարչապետ։ Հույս ունեմ, որ այդպիսի փորձեր չեն արվի», - հայտարարեց Փաշինյանը։
Մարուքյանն ասաց, եթե ԼՀԿ-ն որևէ ձևով էդ պրոցեսը խաթարի, դա կնշանակի, որ չի ուզում որպեսզի ժողովուրդը որոշի, թե ով է Հայաստանն էս վիճակից հանելու։
«Մենք այս փուլում հնարավորություն ունեինք առաջադրում անելու ու չենք արել, որովհետև, եթե մի բան պայմանավորվում ենք ժողովրդի հետ, ժողովրդին խոսք ենք տալիս, որ մենք ընտրություների համար անում ենք սա, ուրեմն անում ենք դա, վերջ, մեր պայմանավորվածությունը ժողովրդի հետ ա։ Մեր պայմանավորվածությունը ոչ թե Փաշինյանի հետ ա, այլ՝ ժողովրդի հետ ա, որովհետև ժողովրդին ենք խոսք տվել, որ էս խորհրդարանը պետք է արձակենք, որ, ժողովո՛ւրդ, դու նորից ընտրես», - ասաց Մարուքյանը։
Ազգային ժողովն այսօր հատուկ նիստում քննարկում էր վարչապետի ընտրության հարցը։ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն, համաձայն պայմանավորվածության, թեկնածու չառաջադրեցին, «Իմ քայլը» առաջադրեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Ազգային ժողովը նրան չընտրեց վարչապետ։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների անցկացման համար ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացրեց վարչապետի պաշտոնից:
Սահմանադրության պահանջն է՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի արձակումը։ Իսկ խորհրդարանն արձակվում է, երբ վարչապետի հրաժարականից հետո երկու շաբաթում երկու անգամ անընդմեջ վարչապետ չի ընտրվում։