Ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետ: Քիչ առաջ կայացած քվեարկությունում նա ստացավ 1 «կողմ», 3 «դեմ» և 75 «ձեռնպահ» ձայն: Հիշեցնենք, որ սա արվում է` արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ապահովման համար` համաձայն Սահմանադրության կարգավորումների:
Նիկոլ Փաշինյանի, ով այժմ վարչապետի պաշտոնակատարի պարտականություններն է կատարում, թեկնածությունն առաջադրել էր իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նախքան քվեարկությունը հայտնեց` իրենք «ձեռնպահ» են քվեարկելու:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների անցկացման համար ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացրեց վարչապետի պաշտոնից:
Սահմանադրության պահանջն է՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի արձակումը։ Իսկ խորհրդարանն արձակվում է, երբ վարչապետի հրաժարականից հետո երկու շաբաթում երկու անգամ անընդմեջ վարչապետ չի ընտրվում։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ընթացակարգերը պահպանելու համար ինքը երկու անգամ կառաջադրվի վարչապետի թեկնածու։
Խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցություններից վստահեցրել էին՝ իրենք վարչապետի թեկնածու չեն առաջադրելու։