COVID-19 սպասարկող բժշկական կենտրոններից մեկի պատուհանից պացիենտը նետվել է ցած

Երևանում` COVID-19 սպասարկող բժշկական կենտրոններից մեկում գիշերը 77-ամյա պացիենտը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած, հայտնում է Առողջապահության նախարարությունը:

«Տղամարդը ստացիոնարում բուժվել է ապրիլի 17-ից, ում վիճակը գնահատվել է միջին ծանրության: Հիվանդասենյակում եղել է կնոջ հետ, որը կորոնավիրուսի դեմ ստացիոնար բուժումը ստանում էր նույն բժշկական կենտրոնում:

Բուժման ընթացքում որևէ խնդիր չի եղել, տղամարդը կատարել է բժիշկների բոլոր ցուցումները` ստացել պատշաճ բուժօգնություն: Նրա մոտ հոգեկան շեղումներ մասնագետները չեն արձանագրել», - ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում:

Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը հանգամանքները պարզելու համար:

Առողջապահության նախարարությունը նաև հայտնում է, որ ուսումնասիրությունների համաձայն, կորոնավիրուսային հիվանդությունը լուրջ ազդեցություն է ունենում COVID-19-ով պացիենտների հոգեկան առողջության վրա: Հատկապես խոցելի են դառնում այն պացիենտները, որոնց մոտ արդեն իսկ գրանցված են լինում առողջական նման խնդիրներ:

Հիշեցնենք՝ սա նման միակ դեպքը չէ Հայաստանում․ ևս մեկ դեպք տեղի էր ունեցել ամսվա սկզբին՝ Երևանի, մեկ այլ դեպք էլ՝ անցած տարվա հունիսին Արտաշատի բժշկական կենտրոններում։