Հայաստանը շահագրգռված է ԵԱՏՄ-ում արտադրվող ապրանքների մրցունակության բարձրացմամբ․ Փաշինյանը մասնակցել է ընդլանված կազմով նիստին

Արդյունաբերության ոլորտը Միության տնտեսական համակարգի գլխավոր շարժիչ ուժերից է, այսօր Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլանված կազմով նիստին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով՝ գործնականում անիրագործելի է ապրանքների լիարժեք միասնական շուկայի ստեղծումը` առանց այդ ուղղությամբ համակարգված քաղաքականության մշակման:

Փաշինյանը նաև ընդգծել է, որ շահագրգռված են ԵԱՏՄ-ում արտադրվող ապրանքների մրցունակության բարձրացմամբ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում: Նրա համոզմամբ՝ փաստաթղթի հիմնական դրույթների հետևողական իրագործումը կնպաստի ընդհանուր առմամբ ողջ արդյունաբերական համալիրի կայուն զարգացմանը:

«Փաստաթղթի ամենակարևոր ուղենիշերից է արդյունաբերության նորարարական զարգացման և թվային փոխակերպման համատեղ խթանումը: Հաշվի առնելով փոփոխվող տնտեսական կոնյունկտուրան` տնտեսությունների տեխնոլոգիական զարգացման նոր մակարդակին անցումը որոշիչ նշանակություն է ձեռք բերում: Թվային փոխակերպումը շարունակում է մնալ ինտեգրման հիմնասյուներից մեկը: Մենք ավանդաբար այն տեսակետին ենք, որ անհրաժեշտ է հետայսու ևս խորացնել համագործակցությունն այս ուղղությամբ: Վստահ եմ, որ Ռազմավարական ուղղությունների իրագործումը հեռանկարում թույլ կտա մեզ հասնել համաձայնեցված արդյունաբերական քաղաքականության և, այլ միջոցառումների հետ համատեղ, կծառայի Միությունում արտադրվող ապրանքների մրցունակության բարձրացմանը», - ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունն ու անփոփոխ վճռականությունը` գործադրելու անհրաժեշտ բոլոր ջանքերը տնտեսական համագործակցության ոլորտների հետագա ընդլայնման և Միության ինտեգրման ներուժի հետևողական բացահայտման համար:

Ըստ վարչապետի գրասենյակի՝ ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարները քննարկել են օրակարգային հարցերը, ներառյալ զգայուն ապրանքների առանձին տեսակների արտահանումը կանոնակարգող միջոցների միավորումը, ԵԱՏՄ գյուղարտադրանքի շուկայի՝ բույսերի վտանգավոր վիրուսներից պաշտպանության միջոցները, Ղազախստանում արտադրվող և ԵԱՏՄ մյուս երկրներ տեղափոխման ենթակա ապրանքների համար սերիական արտադրանքի սերտիֆիկատի կիրառման ժամկետների երկարաձգումը: Ի գիտություն է ընդունվել էլեկտրոնային առևտրի զարգացման մասին զեկույցը:

Հաստատվել են մինչև 2025 թվականը ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները: Անդրադարձ է եղել տիեզերական ծառայությունների ոլորտում համագործակցության հեռանկարներին։

Նիստի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր:

Նախատեսվում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Ղրղզստանի Հանրապետությունում՝ Իսիկ-Կուլում։