Թուրքիայի խորհրդարանը ևս դատապարտել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ նախագահի որոշումը` այն համարելով անհիմն: Խորհրդարանի ընդունած բանաձևն այսօր հրապարակվել է Թուրքիայի պաշտոնական տեղեկագրում:
Ապրիլի 27-ին տեղի ունեցած քվեարկությունում բանաձևին դեմ է քվեարկել քրդամետ համարվող Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության խմբակցությունը: Մյուս խմբակցությունները` իշխանական, իշխանամետ, ընդդիմադիր, ազգայնական, կողմ են քվեարկել:
«Թուրքիայի Ազգային մեծ ժողովը խստորեն դատապարտում և մերժում է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի 2021 թվականի ապրիլի 24-ի հայտարարությունը 1915 թվականի իրադարձությունների մասին, որը հիմնված է հայկական լոբբիի պնդումների վրա: Դրանք անհիմն են, որևէ նշանակություն չունեն, բացի պատմական փաստերի խաթարումից», - նշված է Թուրքիայի խորհրդարանի հայտարարությունում:
Ընդգծված է, որ ԱՄՆ նախագահն «իրավասություն չունի դատելու պատմական իրադարձությունները»: Թուրքիայի խորհրդարանը Ջո Բայդենին հորդորել է հետ կանգնել և թույլ տալ, որ տարածաշրջանում խաղաղություն լինի:
Ազգայնականների առաջնորդ Դևլեթ Բահչելին ասել է, թե ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները գտնվում են պատմական խաչմերուկում: Նրա խոսքով` Ջո Բայդենի հայտարարությունից հետո Թուրքիան առաջին հերթին պետք է ակտիվացնի ռուսական C-400 (S-400) հրթիռային համակարգերը և հետ պահանջի ամերիկյան F-35 կործանիչների համար վճարված գումարները:
Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քիլիչդարօղլուն քննադատել է իշխանություններին սխալ արտաքին քաղաքականություն վարելու համար, ինչը և, ըստ նրա, հանգեցրել է Միացյալ Նահանգների նախագահի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն: Նրա կարծիքով` արտաքին աշխարհում Թուրքիայի դիրքերը թուլացել են Էրդողանի կառավարության արտաքին քաղաքականության պատճառով: Նրա խոսքով` խախտվել են «տանը և դրսում խաղաղություն հաստատելու, խնդիրները երկխոսության միջոցով լուծելու Թուրքիայի դիվանագիտության դարավոր հիմնարար սկզբունքները», այս սկզբունքներից Էրդողանի կառավարությունը հեռացել է: Ընդդիմադիր հիմնական կուսակցության առաջնորդը Էրդողանի կառավարությանը քննադատել է նաև տարածաշրջանի երկրների ներքին գործերին միջամտելու համար, հատկապես Մերձավոր Արևելքում, որի հետևանքով նրանցից շատերի հետ Թուրքիայի հարաբերություններում խնդիրներ են առաջացել:
Ընդդիմադիր «Լավ» կուսակցությունը ևս փոքր խմբակցություն ունի խորհրդարանում: Այդ կուսակցության առաջնորդ, կին քաղաքական գործիչ Մերալ Աքշեներն այսօր Էրդողանին կոչ է արել Ջո Բայդենի հայտարարության հետ կապված գործողությունների դիմել. «Քաջություն ցուցաբերեք, երկու խոսք ասեք, երկու քայլ կատարեք մեր ժողովրդի սպասելիքներին ընդառաջ», - ասել է նա իր խմբակցության հետ հանդիպմանը: Նա Էրդողանին կոչ է արել արտահերթ ընտրություններ հայտարարել:
Բայդենին դատապարտող Թուրքիայի խորհրդարանի հայտարարությանը նախորդել էին երկրի ղեկավար Ռեջեփ Էրդողանի, արտգործնախարարի, պաշտպանության նախարարի նույնաբովանդակ արձագանքները` մերժել, հերքել, չընդունել, դատապարտել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ նախագահի որոշումը: Նաև բողոքի ակցիաներ են անցկացվել Անկարայում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան, Ստամբուլում հյուպատոսության շենքերի դիմաց: Թուրքերը բողոքի ցույց են անցկացրել նաև Ադանայի շրջանում` Ինջիրլիքի ամերիկյան ավիաբազայի մոտ: Այստեղ բողոքի ակցիայի մասնակիցները սպառնացել են, թե ամերիկացիներին թույլ չեն տա օգտվել ավիաբազայից:
Պաշտոնական հայտարարություներին, ցույցերին, բողոքի ակցիաներին զուգահեռ այս օրերին վերլուծաբանների, սյունակագիրների, փորձագետների բազմաթիվ մեկնաբանություներ կան։ Թուրքական մամուլն, ըստ էության, կրկնում է պաշտոնական տեսակետները, թուրքական աղբյուներուոմ ոչ մի տեղ չեք հանդիպի ցեղասպանության փաստն ընդունող խոստովանություն:
Վերլուծաբանները հիմնականում անդրադառնում են Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պատճառներին, հետևանքներին, թուրքական կողմի հնարավոր պատասխաներին։
Անկարայում Ասիական խաղաղօվկիանոսյան ուսումնասիրությունների թուրքական կենտրոնի տնօերն Սելջուկ Չալակօղլուն «Ռոյթերսի» հետ զրույցում ասել է, թե վերջին տարիներին նկատելի էր, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները, համագործակցության մակարդակը նվազել էին։
«Ես հիմա կոնկրետ քայլեր չեմ տեսնում, մյուս կողմից` Թուրքիայի տնտեսությունը հիմա շատ թույլ է, և եթե Անկարայի ու Վաշինգտոնի միջև քաղաքական լարվածությունը մեծանա, դա բացասական ազդեցություն կունենա Թուրքիայի ֆինանսական ոլորտի վրա»։
Արտաքին քաղաքականության ինստիտուտի նախագահ Հուսեյին Բագչին նշել է, որ խոսքը ուժերի սիմետրիկ հարաբերություների մասին չէ։
«Ամերիկան ՆԱՏՕ-ի տերն է։ Ամերիկան աշխարհի թիվ մեկ գերտերությունն է, և նրանք շատ ավելի պատժամիջոցների հնարավորություն ունեն, քան Թուրքիան կարող է անել։ Թուրքիան կարող է միայն հետ կանչել իր դեսպանին, փակել Ինջիրլիքի ռազմակայանը և որոշ միջոնցների դիմել, բայց Ամերիկային ուժեղ արձագանքելու հնարավորություններ չունի»։
Նա նշել է, որ չնայած տարաձայնություններին, ԱՄՆ-Թուրքիա համագործակցությունը կշարունակվի:
«Ամերիկացիներն անկասկած կաշխատեն Թուրքիայի և Թուրքիայի կառավարության հետ։ Սիրիայում, Միջերկրականում մենք ընդհանուր խնդիրներ ունենք։ Լեռնային Ղարաբաղում, ամերիկացիներ կան, որ հիմա էլ աջակում են Հայաստանին: Այնպես որ, կլինեն որոշ կոնֆլիկտային վայրեր, բայց օրվա վերջում համագործակցությունը կշարունակվի»,- «Ռոյթերսին» Անկարայում ասել է թուրք փորձագետը։