Պատերազմի հետևանքները պարզ էին հոկտեմբերի սկզբին, սակայն ՀՀ քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել, հայտարարում է Հարությունյանը

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի հետևանքները պարզ էին դեռ հոկտեմբերի սկզբին, սակայն հայաստանյան քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել, անդրադառնալով 44-օրյա պատերազմի ընթացքին, հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Չի ձևավորվում քաղաքական կոնսենսուս կամ միասնական կարծիք՝ ընդդիմադիր, իշխանամետ, իշխանություն և կարծես թե պատերազմը կանգնեցնելը այդ օրը համարում էին դավաճանություն», - նշել է Արցախի նախագահը:

Հարությունյանն ընդգծել է, որ 1994 թվականի զինադադարից հետո ռազմաքաղաքական ղեկավարությունը դասեր չի քաղել և ունենալով առավելություն բանակցային գործընթացում, ավելի նպաստավոր լուծումներ չի կարողացել ունենալ։ Ինչ վերաբերում է պարտությանը, ապա իրավիճակն այլ կլիներ, եթե կռիվը լիներ միայն ադրբեջանական բանակի հետ։

«Հակառակորդի կողմից պատերազմին մասնակցում էր Թուրքիան, և Թուրքիան առաջին իսկ օրը հայտարարել է և այսօր, երեկ թուրքական ցանկացած ղեկավար իր հայտարարությունում նշում է, որ միասին Ադրբեջանի հետ մեզ հաջողվել է լուծել «պատմական արդարությունը»: Միայն 7000 ահաբեկիչ-վարձկան Սիրիայից մասնակցում էր Արցախյան երկրորդ պատերազմին», - ընդգծել է Լեռնային Ղարաբաղի նախագահը:

Ինչո՞ւ ենք պարտվել, նաև հարցրել է Արայիկ Հարությունյանը և ինքն էլ պատասխանել իր հարցին՝ «որովհետև բոլորս միասին ասում էինք ոչ մի թիզ հող»՝ ըստ ամենայնի նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի հարակից յոթ շրջանների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը։ Գոնե հիմա պետք է դասեր քաղել այդ սխալներից, ասել է Ղարաբաղի ղեկավարն ու շեշտել՝ նախատեսում են սերտ համագործակցություն Ռուսաստանի հետ։

«Հայաստան աշխարհի ապագան, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի տեսնում եմ նոր ռազմաքաղաքական ավելի խորը համագործակցության շրջանակներում ձևավորված հարաբերություններում, և Ռուսաստանի հետ մասին կարողանալ դիմակայել այս ստեղծված իրավիճակին, քանի որ նորից նշում ենք՝ Թուրքիան չի պատրաստվում լքել տարածքը», - ասել է Հարությունյանը:

Ռուսաստանյան խաղաղապահները Լեռնային Ղարաբաղ տեղափոխվեցին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից անմիջապես հետո ու այժմ սահմանային միջադեպերի հետ կապված հարցերով Արցախի իշխանությունները նրանց են դիմում։ Վերջին նման միջադեպը գրանցվել Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղում, որտեղ բնակիչների փոխանցմամբ՝ ադրբեջանցիները այս գիշեր կրկին առաջ են տվել իրենց դիրքերը՝ տեղակայվելով գյուղին պատկանող արոտավայրում։

Նոր Ղազանչիի բնակիչները օրեր առաջ կրկին ահազանգել էին, որ ադրբեջանցիները դիրքերը առաջ են բերել։

«Առաջին անգամը ամսի 25-ի առավոտը նկատել ենք արդեն իրանց վրանը խփած, իմ հողամասն էլ ա, հենց հողամասի մեջ են: 1,5 հա իմն ա, բայց 10 հա ավելի իրանց տարածքն ա մնացել», - ասաց Նոր Ղազանչիի բնակիչ Միշա Ասլանյանը:

Ադրբեջանցիները դիրքերը առաջ էին բերել մոտ 370 մետր։ Նոր Ղազանչին Ադրբեջանի հետ սահմանակից դարձավ նոյեմբերի 9-ի հայտարարության արդյունքում Աղդամի շրջանը հանձնելուց հետո։ Դիրքերի առաջխաղացման հետևանքով ադրբեջանցիները հնարավորություն են ունենում դիտարկել ոչ միայն Նոր Ղազանչին, այլ նաև հարևան՝ Կիչան գյուղը։ Տեղացիները դիմել են Մարտակերտի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանին, որը խնդիրը ներկայացրել էր վերադաս մարմիններին և ռուս խաղաղապահ զորքերի միջամտությամբ բանակցությունների արդյունքում ադրբեջանցիները վերադարձել էին ելման դիրքեր։

«Երեկ որ առավոտը հետ են տվել, կեսօրին իջել ենք, գնդակ ա, ինչ որ կերակուր են սարքած եղել, դա են թողել, մի քանի բան են թողել», - պատմեց Ասլանյանը:

Առաջխաղացումն արդարացնելու համար ադրբեջանցիները տարբեր պատճառաբանություններ են բերել։ «Հա՛մ ասում ա՝ մեր պատմական հողերն ա, հա՛մ ասում ա՝ ինչ սահմանի մասին ա խոսքը, հա՛մ ասում ա՝ վերադասն ա ասել: Ասում ես՝ էս ա քո գիծը, անցիր քո տեղը, ասում ա՝ էդ ով ա ասել, որ էդ ա գիծը», - ասաց Մարտակերտի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը:

Բախշիյանը վստահեցրեց, որ բանակցությունների արդյունքում նրանք կրկին վերադարձել են ելման դիրքեր, իսկ Նոր Ղազանչիի բնակիչները, շարունակում են ապրել վախը սրտում, քանի որ նախկինում միջադեպ գրանցվել է։

Բնակիչների խոսքով՝ մոտ 3 ամիս առաջ ադրբեջանցիները քաշքշել էին գյուղացիներից մեկին, ձեռքից վերցրել հեռախոսը։ Տեղացիները նաև արդեն 52 գլուխ անասուն են կորցրել, կենդանիները հատում են սահմանն ու էլ չեն վերադառնում։ Սահմանամերձ Նոր Ղազանչիում այսօր 200-ից ավելի բնակիչ կա։