Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ու փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը քիչ առաջ պատվաստվեցին կորոնավիրուսի դեմ բրիտնա-շվեդական AstraZeneca տեսակի պատվաստանյութով:
Մինչև այսօր Հայաստան է ներկրվել 24 հազար դեղաչափ բրիտանա-շվեդական AstraZeneca տեսակի պատվաստանյութ՝ նախատեսված 12 հազար քաղաքացու համար և երկու խմբաքանակով էլ ռուսական Sputnik տեսակի պատվաստանյութ, սա էլ նախատեսված է 21 հազար 500 մարդու համար։
18-ից բարձր բոլոր քաղաքացիներն ու Հայաստանում գտնվող օտարերկրացիներն, ի դեպ, կարող են կամավորության սկզբունքով հայաստանյան ցանկացած պոլիկլինիկայում անվճար պատվաստվել AstraZeneca-ով։ Ավելի վաղ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ այս պատվաստանյութով պետք է պատվաստվեն միայն 55 տարեկանից բարձր խոցելի խմբի քաղաքացիները։ Օրերս, սակայն, Ավանեսյանն այս որոշումը փոփոխության է ենթարկել՝ հանելով տարիքային սահմանափակումը։