Արևմտյան աշխարհի առաջնորդի՝ Միացյալ Նահանգների նախագահի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը կդյուրացնի ողջ աշխարհում, հատկապես արևմտյան ժողովրդավարություններում եղեռնի փաստի ճանաչումը՝ «Ազատության» հետ զրույցում ասաց ԱՄՆ-ում գործող հայկական լոբբիստական ազդեցիկ կառուցներից մեկի՝ Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանը։
«Անշուշտ, ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո, ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչումն ավելի դյուրին կլինի։ Սպասում ենք, որ Մեծ Բրիտանիան, Իսրայելը, ինչպես նաև այլ երկրներ արագորեն կճանաչեն Հայոց ցեղասպանությունը։ Կարդացի [Միացյալ Նահանգներում գործող հրեական ամենահին լոբբիստական խմբերից մեկի]՝ Ամերիկայի հրեական կոմիտեի ղեկավար Դևիդ Հարիսի հոդվածը, ուր կոչ է արվում Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Վստահ եմ, Իսրայելը չի ցանկանում լինել վերջին երկրներից մեկը, որ կճանաչի Հայոց ցեղասպանությունը», - նշեց Բարսամյանը։
Միացյալ Նահանգների նախագահի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման ֆոնին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախորդ օրերին վերստին հայտարարեց, թե Անկարան պատրաստ է նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ։ Մասնավորապես, ապրիլի 24-ին նամակ հղելով Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին՝ Էրդողանը վստահեցրեց՝ Թուրքիան ձգտում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ՝ «փոխադարձ հարգանքի հիման վրա»։
«Սա [թուրքական] դիվանագիտության մի մասն է։ Յուրաքանչյուր անգամ, երբ որևէ երկիր ճանաչում է Հայոց ցեղասպանությունը կամ մոտ է ճանաչմանը, տեսնում ենք, որ Թուրքիան պատրաստակամություն է հայտնում խոսել Հայաստանի հետ։ Հայաստանը պետք է հարաբերություններ ունենա Թուրքիայի հետ, սակայն այդ հարաբերությունները պետք է հիմնվեն ճշմարտության վրա, որը նշանակում է՝ Թուրքիան պետք է ճանաչի, որ Հայոց ցեղասպանություն է եղել և այդ հողի վրա երկու երկրները, ժողովուրդները անցնեն հարաբերությունների ձևավորման ճանապարհով։ Չեք կարող ապրել ստի հետ, չասել ձեր իսկ ժողովրդին ճշմարտությունը։ Կարող ենք հարաբերություններ ունենալ, բայց դրանք ի վերջո կհանգեն ցեղասպանության ճանաչման հարցին», - ասաց Ամերիկայի հայկական համագումարի համանախագահը։
Էնթոնի Բարսամյանի խոսքով, ԱՄՆ-ում գործող հայկական լոբբիստական կառույցների հաջորդ քայլն է լինելու, օրինակ, Հայոց ցեղասպանության ներառումը ԱՄՆ դաշնային կրթական ծրագրերում։
«Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, կարող եմ ասել, որ իրավիճակը հստակեցվում է. օրինակ՝ հանրային դպրոցների կրթական ծրագրերում ներառվելու է Հայոց ցեղասպանության մասին հատվածը, սաները կստանան համապատասխան գիտելիքներ Հայոց ցեղասպանության մասին։ Չնայած ԱՄՆ բազմաթիվ նահանգների կրթական ծրագրերում առկա է հիշատակումը Հայոց ցեղասպանության մասին, սակայն դաշնային մակարդակով կրթական ծրագրերում Հայոց ցեղասպանության հատվածի ներառումը մեր հաջորդ քայլն է։ [Նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո] ամեն ինչ կտեղափոխվի լիարժեք իրավական դաշտ, քանի որ, ինչպես գիտեք, ԱՄՆ Ներկայացուցիչների տան ու Սենատի կողմից ընդունված բանաձևերը իրավական առումով պարտավորեցնող չեն, այլ ուղղակի արտահայտում են ԱՄՆ դիրքորոշումը, որը այժմ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը», - ընդգծեց նա:
Բարսամյանը նաև վստահություն հայտնեց՝ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն իր արտացոլումը կգտնի ամերիկյան արտաքին քաղաքականությունում։
«Ակնհայտ է, Ջո Բայդենը բարձրացնում է բարոյական հարցեր՝ մենք աջակցելու ենք մարդու իրավունքների պաշտպանությանը ողջ աշխարհում։ ԱՄՆ նախագահը հայտարարում է աշխարհին, թե որն է լինելու անկյունաքարայինը իր վարչակազմի մոտեցումներում և ինչ է ինքն անելու՝ առաջ տանելու մարդու իրավունքների պաշտպանությունը։ Ինքը ասաց Թուրքիային այս մասին, Մերձավոր Արևելքին, Ասիային, Չինաստանին ասաց այս մասին, որ մարդու իրավունքները կարևոր են։ Կարող ենք ասել, որ Հայոց ցեղասպանության հարցը, ինչ-որ առումով թանկ է Բայդենի համար, որի հետ նա առնչվում է երեսուն տարի։ Ուստի, իրոք, պատահական չէ, որ ԱՄՆ հատկապես այս նախագահը, նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը», - նշեց Էնթոնի Բարսամյանը։