Հայաստանը չի մասնակցում ՆԱՏՕ-ի հերթական զորավարժություններին Ռուսաստանի հետ հարաբերությունների պատճառով, վստահ է քաղաքագետ Ռուբեն Մեհրանյանը։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը երեկ ևս մեկ անգամ հայտարարեց, որ երկրի Զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությունը ՆԱՏՕ-ի Defender-Europe 21 զորավարժությանը նախատեսված չէ։ Դեռևս մարտի 18-ին պաշտպանական գերատեսչություն տեղեկացրել էր, որ Հայաստանի Զինված ուժերի ներկայացուցիչները չեն մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժության պլանավորման գործընթացին՝ զորավարժության կազմակերպիչ կողմին խնդրելով վերանայել իրենց կայքում տեղադրված զորավարժության մասնակիցների ցանկը:
Եվրոպայում ՆԱՏՕ-ի Defender-Europe 21 լայնածավալ զորավարժություններին մասնակցելու է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 27 երկրների ավելի քան 30 հազար զինծառայող։
Defender-Europe, որ թարգմանաբար նշանակում է Եվրոպայի պաշտպան, արդեն իսկ խոսում է զորավարժության նպատակների մասին՝ ասում է քաղաքական մեկնաբան Ռուբեն Մեհրաբյանը։
«Եվրոպայում Ռուսաստանի ռազմաքաղաքական ակտիվացումը դիտարկվում է որպես սպառնալիք, և այս զորավարժությունները տեղի են ունենում, որպեսզի բազմազգ զորքերը կարողանան համագործակցել՝ այդ սպառնալիքը դիմագրավելու», - «Ազատության» հետ զրույցում նշեց Մեհրաբյանը։
Զորավարժությունները կտևեն մինչև հունիս, այս մասին տեղեկացնում է Եվրոպայում ԱՄՆ բանակի հրամանատարությունը՝ նշելով, որ սա Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի ամենամյա բազմազգ համատեղ զորավարժություն է, որի նպատակն է զարգացնել ռազմավարական պատրաստվածությունը, մարտական գործողությունները և փոխգործունակությունը Միացյալ Նահանգների, ՆԱՏՕ-ի դաշնակիցների և գործընկերների միջև:
Զորավարժություններն անցկացվելու են ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի, ռազմածովային ուժերի, հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի ներգրավմամբ:
Միևնույն ժամանակ, Defender-Europe 21-ում հատուկ ուշադրություն է դարձվելու Բալկաններին և Սև ծովին:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ երկրի Զինված ուժերի ստորաբաժանումները մասնակցում են ՆԱՏՕ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից կազմակերպվող միայն այն զորավարժություններին, որոնք միջազգային խաղաղության և կայունության պահպանման բնույթի են և որոնց ընթացքում հնարավոր է պատրաստել խաղաղապահ ուժերին կամ միջազգային առաքելությունների համար մասնագիտացված ստորաբաժանումները:
Հայաստանի այս որոշումը, ըստ Ռուբեն Մեհրաբյանի, միանգամայն սպասելի էր․ - «Այս զորավարժությունները առաջիկա երևի աննախադեպ են հետսառըպատերազմյան ողջ ժամանակահատվածի համար, և այդ մասշտաբները պայմանավորված են Ռուսաստանի և Արևմուտքի առճակատմամբ։ Հաշվի առնելով նաև այն ռազմաքաղաքական իրողությունները, որոնք ստեղծվել են Հայաստանի շուրջ, երևի թե դժվար էր ակնկալել, որ Հայաստանը դրան պետք է մասնակցի»։
Հայաստանի Զինված ուժերը այս տարվա ընթացքում կմասնակցեն երկու այլ զորավարժությունների, բայց՝ Ռուսաստանի տարածքում: «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ պաշտպանական գերատեսչությունից փոխանցել էին, որ առաջինը Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերի «Զապադ» համատեղ ռազմավարական զորավարժությունն է, երկրորդը՝ «Մարտական եղբայրություն- 2021» համատեղ օպերատիվ ռազմավարական զորավարժության շրջանակում անցկացվելիք ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն»-ը։ Զորավարժությունների անցկացման հստակ վայրի և ժամկետների մասին նախարարությունը մանրամասներ չի ներկայացրել՝ առաջարկելով դրանք ճշտել Ռուսաստանի իրավասու մարմիններից։