Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը վերստին վկայեց, որ սեփական ցավը զգում են բոլորը, սակայն խորն ու մարդկային է զգալ ու կիսել ուրիշի՛ ցավը, ավելին` խիզախել և բարձրաձայնել այդ մասին, հայտարարում է նախագահ Արմեն Սարգսյանն իր շնորհակալական ուղերձում:
«Արդեն իսկ բազմաթիվ երկրների ղեկավարներ, կառավարություններ ու խորհրդարաններ, հասարակական, հոգևոր, գիտական ու ակադեմիական շրջանակներ, միջազգային կառույցներ էին հանդես եկել 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման կապակցությամբ: Իմ Հայաստան երկրի, իմ ժողովրդի և անձամբ իմ անունից ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալության ու երախտագիտության խոսքեր ուղղել նրանց բոլորին և մեզ սրտակից ժողովուրդների բոլոր զավակներին»,- նշում է նախագահը` ուշադրություն դարձնելով նաև, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ստացավ ծանրակշիռ ու խիզախ մի ազդակ՝ ի դեմս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան հայտարարության:
«Ցավը համախմբում է մեզ, բայց մենք պետք է համախմբվենք նախ և առաջ հանուն հաջողության, ինչպես նաև՝ հանուն մեր անվտանգության և շահերի: Համազգային միասնությունն ու փոխըմբռնումը, համերաշխությունն ու հանդուրժողականությունը հաջողության հասնելու լավագույն ճանապարհն են:
Հայոց ցեղասպանության դատապարտման ու ճանաչման յուրաքանչյուր քայլ յուրատեսակ ազդանշան և զգուշացում է բոլոր նրանց, ովքեր դեռ ձգտում են հարաբերությունները կարգավորել և նպատակներին հասնել բռնի ուժի և մարդու իրավունքների ոտնահարման միջոցով: Երեկ դա Օսմանյան կայսրությունն էր, այսօր՝ նրա ժառանգ ժամանակակից Թուրքիան ու վերջինիս «փոքր եղբայր» Ադրբեջանը: Իսկ ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի...
Ես վստահ եմ, որ ազատ և անկախ ապրելու մեր ճանապարհը շարունակական է, որովհետև մենք կարո՛ղ ենք ու հաղթահարելո՛ւ ենք այդ ճանապարհի խոչընդոտներն ու մարտահրավերները, և դա անելու ենք նաև մեր բարեկամների աջակցությամբ», - ասված է Սարգսյանի ուղերձում: