Ըստ Այվազյանի՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը համամարդկային խնդիր է

Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը համամարդկային խնդիր է, BBC Weekend ծրագրին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:

Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ Այվազյանը նշել է. «Մենք ողջունում ենք նախագահ Բայդենի հայտարարությունը, ըստ որի ԱՄՆ-ն հստակորեն սահմանում է 20-րդ դարում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված զանգվածային վայրագությունները որպես ցեղասպանություն»:

«Այս ուղերձը նշանակալի ներդրում ունի Հայոց ցեղասպանության գլոբալ ճանաչման և ցեղասպանությունների կանխարգելման գործում: Այսօր ԱՄՆ իշխանությունները միանշանակորեն վերահաստատել են իրենց հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանությանը և մարդասիրության սկզբունքներին», - ընդգծել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը:

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա Այվազյանը նշել է, որ Թուրքիան Հայաստանի նկատմամբ «վարում է թշնամական և ագրեսիվ քաղաքականություն` անկախության վերականգնումից ի վեր». «Թուրքիան մերժեց Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, փակեց սահմանը և Հայաստանի դեմ վարեց հետզհետե աճող թշնամական քաղաքականություն։ Ավելին` Թուրքիան ուղղակիորեն ներգրավվեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայում՝ մեր տարածաշրջան ուղարկելով հազարավոր օրաերկրյա զինյալ ահաբեկիչների»:

ԱԳ նախարարի պաշտոնակատարը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունը ճանապարհ կհարթի երկխոսության և հարաբերությունների կարգավորման համար: Այն նաև կնպաստի տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը, հավելել է Այվազյանը:

«Կարծում եմ, որ սա հիմք է ստեղծում Թուրքիայի հասարակության համար՝ առերեսվելու պատմության էջերին։ Այն նաև դրդում է հասարակությանը հարցեր բարձրաձայնել իրենց պատմության ողբերգական էջերի մասին: Կարծում եմ՝ դա նաև հող կստեղծի երկու հարևան երկրների միջև երկխոսության համար: Երկու հարևան երկրների միջև ստեղծվել էր անջրպետ, և կարծում եմ, որ դա շատ կարևոր քայլ կլինի մեր հարաբերությունների կարգավորման համար», - նշել է նա: