Ըստ Ռուբինյանի՝ միակ ճանապարհը գերիների վերադարձին հասնելու համար միջազգային ճնշման մեծացումն է

Կա մի ակնհայտ բան՝ Ադրբեջանն իրեն պահում է ծայրահեղ ապակառուցողական, խախտում է և՛ եռակողմ հայտարարությունը, և՛ միջազգային հումանիտար իրավունքը՝ չվերադարձնելով ռազմագերիներին, այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։

Նրա համոզմամբ՝ միակ ճանապարհը գերիների վերադարձին հասնելու համար միջազգային ճնշման մեծացումն է։

«Միջազգային ճնշում ասելով նկատի ունեմ մի լայն գործընթաց, որը չի սահմանափակվում մի քայլով։ Դա համապարփակ գործընթաց է, որը պետք է տեղի ունենա բոլոր հնարավոր միջազգային ատյաններում, բոլոր հնարավոր երկկողմ հարաբերություններում, և ես վստահ եմ, որ մեզ, ի վերջո, կհաջողվի հասնել մեր նպատակին», - ասաց Ռուբինյանը։

Հայ ռազմագերիների վերաբերյալ օրերս ԵԽԽՎ-ում կայացած քննարկման ժամանակ ելույթ ունեցած վեհաժողովի բոլոր պատվիրակները, բացառությամբ Ադրբեջանն ու Թուրքիան ներկայացնող երեք պատգամավորների, պահանջեցին պաշտոնական Բաքվից՝ անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, այլ ձերբակալված անձանց։

Հաջորդ օրը ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն հայտարարություն ընդունեց՝ Ադրբեջանին կոչ անելով անհապաղ վերադարձնել հայ գերեվարվածներին։

Ռուբինյանն այսօր նշեց, որ այս նստաշրջանի համար հայկական պատվիրակությունն իր առջև դրված խնդիրը կատարել է, «այն է՝ շարունակել միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա և փորձել հասնել խնդրի լուծմանը»։

Հայկական կողմի տվյալներով, հայ գերիների թիվը շուրջ 200 է։ Պաշտոնական տվյալներ չկան։ Ընդհանուր առմամբ մինչ այս պահը Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 69 գերի։ Իսկ Ադրբեջան է տեղափոխվել 16 անձ, այդ թվում՝ Արցախում 2014-ին երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը։