Պաշտոնական Երևանը նկատել է Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու մասին Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունը, սակայն նախընտրում է գործնական քայլեր տեսնել Անկարայից՝ այսօր Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ կայացած համատեղ ասուլիսին հայտարարեց արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։
Հատկանշական է, որ Թուրքիան նախագահի մակարդակով սկսեց խոսել Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու ֆոնին։
«Մենք ծանոթ ենք Թուրքիայի նախագահի նամակին և այնտեղ հնչեցված պատրաստակամությանը, բայց պետք է նշեմ, որ մենք կարևորում ենք ոչ միայն խոսքերը, այլև գործերը, ինչի մասին մենք շատ հստակ արտահայտվել ենք: Նախկինում էլ եղել են նման ուղերձներ, անգամ եղել է ստորագրված երկկողմ փաստաթուղթ, որը սակայն չի ունեցել դրական շարունակություն: Մեկ անգամ ևս ուզում եմ վերահաստատել, որ մեզ համար կարևոր են ոչ թե խոսքերը, այլ գործերը», - նշեց Այվազյանը:
Այս ապրիլի 24-ին նամակ հղելով Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վստահեցրել է, թե Անկարան ձգտում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ:
«Տարբեր առիթներով մենք միշտ հայտարարել ենք, որ պատրաստ ենք ամրապնդել մեր հարաբերությունները Հայաստանի հետ՝ բարիդրացիության և փոխադարձ հարգանքի հիման վրա։ Մեկ անգամ ևս բարձրաձայն կրկնել ենք մեր այս կոչը, երբ Ղարաբաղի ճգնաժամը լուծվեց։ Ես կրկնում եմ նույն կոչը»,- Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ գրել է Էրդողանը։
Նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն այսօր «շատ մեծ ավանդ» որակեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունը։
«Ամբողջովին կիսում եմ նախագահ Բայդենի ուղերձում արտահայտված այն միտքը, որ միջազգային հանրությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի՝ կանխելու նմանօրինակ միջազգային հանցանքների կրկնությունն ապագայում: Ցեղասպանությունների կանխարգելման ու դատապարտման գործում Հայաստանը միջազգային օրակարգ առաջ մղելու առաջամարտիկներից է, և այդ իմաստով նախագահ Բայդենի ուղերձը շատ մեծ ավանդ է», - ընդգծեց Արա Այվազյանը:
ԱԳՆ. ԵՏՄ նիստին Ադրբեջանի մասնակցության հարցում կոնսենսուս չկա
Ապրիլի 29-30-ը Կազանում կայանալու է ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, և նախորդ օրերին հատկապես ռուսաստանյան մամուլը գրում էր, թե հնարավոր է, որ այդ նիստին ներկայացված լինի նաև Ադրբեջանը, սակայն դեմ է Հայաստանը՝ պատճառաբանելով, որ առկա են մի շարք խնդիրներ՝ ներառյալ հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը։
Արա Այվազյանին այսօր հարցրեցին՝ արդյոք Հայաստանը արգելափակել է Ադրբեջանի մասնակցությունը վարչապետերի մակարդակով կայանալիք ԵՏՄ նիստին։
«Որևէ կոնսենսուս չկա Ձեր նշված երկրին որևէ կարգավիճակով հրավիրելու նման միջոցառմանը, և դրանով կսահմանափակվեմ», - պատասխանեց Այվազյանը:
Լիտվայի արտգործնախարար. Ռազմագերիները պետք է վերադառնան Հայաստան
Հայ ռազմագերիների հարցին այսօր անդրադարձավ նաև Լիտվայի արտգործնախարար Լանդսբերգիսը՝ ընդգծելով, որ բոլոր ռազմագերիները պետք է վերադառնան Հայաստան։
«Կարող եմ ասել, որ Եվրամիության դիրքորոշումը շատ հստակ է՝ անազատության մեջ գտնվող բոլոր ռազմագերիները պետք է ազատվեն ու վերադառնան Հայաստան, եթե ակնկալում ենք, որ պետք է տեղի ունենա վստահության որևէ ամրապնդում։ Ես ամբողջովին համաձայն եմ Եվրամիության այս դիրքորոշման հետ», - նշել է Լիտվայի ԱԳ նախարարը։
Լանդսբերգիս. եվրոպական մայրաքաղաքներում կգտնեք ավելի շատ ընկերներ, որոնք պատրաստ են աջակցել
Եվրամիության անդամ Լիտվայի արտգործնախարարը հայտարարեց՝ «ժամանել ենք Երևան ընդգծելու մեր աջակցությունը Հայաստանին»:
«Մենք այստեղ ենք օժանդակելու և աջակցելու։ Կցանկանայինք տեսնել, թե Եվրոպան ինչպես է օժանդակում ու աջակցում Հայաստանին՝ ավելի շատ ճանապարհներով, քան արվում է այժմ։ Կարծում եմ, իրապես կարող ենք Հայաստանին աջակցելու նոր ճանապարհներ գտնել՝ քաղաքական, հումանիտար աջակցության և տնտեսական առումներով։ Կարծում եմ, այդ աջակցությունը կարող է խորանալ և ընդլայնվել։ Ի՞նչ է պահանջվում՝ Երևանից հասցեագրված հստակ ուղերձ, և, կարծում եմ, եվրոպական մայրաքաղաքներում ու Բրյուսելում դուք կգտնեք ավելի շատ ընկերներ, որոնք պատրաստ են աջակցել», - ընդգծել է Լանդսբերգիսը։