Բայդենը Էրդողանին տեղեկացրել է, որ ապրիլի 24-ի ուղերձում ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը. Bloomberg, Reuters

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, արխիվային լուսանկար

Այսօր հեռախոսազրույց է կայացել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի միջև։ Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, զրույցի ընթացքում Բայդենն «իր շահագրգռվածությունն է հայտնել համագործակցության ընդլայնված շրջանակներում երկկողմ կառուցողական հարաբերություններով և տարաձայնությունների արդյունավետ կարգավորմամբ»:

Պետությունների ղեկավարները համաձայնել են երկկողմ հանդիպում ունենալ ՆԱՏՕ-ի հունիսյան գագաթնաժողովի ընթացքում՝ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային խնդիրների ամբողջ շրջանակը, ասված է հաղորդագրությունում։ Այլ մանրամասներ Սպիտակ տունը չի փոխանցում։

Սպասվող հեռախոսազրույցի մասին ավելի վաղ հաղորդել էր Ahval-ը՝ նշելով, որ զրույցը նախապատրաստվում է դիվանագիտական խողովակներով, սակայն ԱՄՆ նախագահը տվյալ պահին դեռևս չէր տվել իր համաձայնությունը։

Հիշեցնենք՝ տարբեր աղբյուրների հավաստմամբ, Ջո Բայդենը պատրաստվում է իր ապրիլքսանչորսյան ուղերձում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

«Բլումբերգ» գործակալությունը, հղում անելով երկու առաջնորդների զրույցին ծանոթ պաշտոնյաներին, հաղորդում է, թե Բայդենը Էրդողանին տեղեկացրել է, որ պատրաստվում է ապրիլի 24-ին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Ռոյթերս» գործակալությունը ևս, հղում անելով սեփական աղբյուրներին, հաղորդում է այդ մասին:

Սպիտակ տան հաղորդագրության մեջ, սակայն, այս մասին որևէ բան ասված չէ: Թուրքիայի նախագահականի հաղորդագրության մեջ ևս 1915-ի իրադարձությունների վերաբերյալ որևէ հիշատակում չկա: Նշվում է միայն, որ «երկու առաջնորդները համաձայնել են, որ երկկողմ հարաբերությունների ռազմավարական բնույթ ունեն, կարևորել համատեղ աշխատանքը` երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերում համագործակցությունը խորացնելու շուրջ», - հայտարարել է Ռեջեփ Էրդողանի աշխատակազմը:

«Բլումբերգը» միաժամանակ հիշեցնում է, որ 2019-ին, երբ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները հատուկ բանաձևերով ճանաչել էին Հայոց ցեղասպանությունը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը 1915-ին կատարվածի մեջ մեղադրել էր հայերին:

«Հայկական հանցավոր խմբերի և նրանց աջակիցների տարհանումը, որոնք Արևելյան Անատոլիայում կոտորել էին մահմեդականների, այդ թվում` կանանց ու երեխաների, ամենաբանական քայլն էր, որ կարելի էր անել այդ փուլում», - գրել էր Էրդողանը Թվիթերում: