Մեսրոպ Առաքելյանն ազատվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Մեսրոպ Առաքելյանին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից ազատելու մասին՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։ Հրամանագրի տեքստը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում։

Այսօր ավելի վաղ Առաքելյանը ֆեյսբուքյան գրառմամբ նախարարի պաշտոնը թողնելու մասին․

«Այսօրվանից դադարեցնում եմ պաշտոնավարումս որպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։

Հետպատերազմյան իրավիճակում այս պատասխանատվությունն ստանձնել եմ բացառապես մեկ նպատակով՝ մեր ժողովրդի ուսերից օր առաջ թոթափելու սոցիալական այն արհավիրքը, որին բախվեցինք թշնամու կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով։ Այսօր կարող ենք արձանագրել, որ Արցախը հաղթահարել է սոցիալական ճգնաժամը և թևակոխել է զարգացման ծրագրերի և բնակարանաշինության փուլ, ինչի կապակցությամբ հայտնում եմ իմ գոհունակությունը և սոցիալական առաջնային մարտահրավերները համարում բավարար չափով հաղթահարված», - գրել է Առաքելյանը՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի և Արցախի իր գործընկերներին՝ համագործակցության համար։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Մեսրոպ Առաքելյանն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2020-ի նոյեմբերից։