Չափազանց վառ երևակայություն է պետք ունենալ` Հայաստանի զինված ուժերին ռազմավարական դաշնակից երկրի` Ռուսաստանի խաղաղապահ առաքելության դիրքերի ուղղությամբ կրակոցներ արձակելու «մեղադրանք» վերագրելու համար, հայտարարում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
«Առավել քան ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը հուսահատ փորձ է անում նախորդ օրվա` իր կողմից թույլ տրված հրադադարի ռեժիմի խախտման, մասնավորապես` ԱՀ որոշ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցների պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա», - ասված է հաղորդագրության մեջ:
Պաշտպանական գերատեսչությունը շեշտում է, որ ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի զինված ուժերը հավատարիմ են հրադադարի ռեժիմի պահպանման եռակողմ պայմանավորվածությանը և նույնը հորդորում են անել ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը:
Հիշեցնենք, որ Արցախից տեղեկացրել են, որ ադրբեջանական կողմը կրակել է Ստեփանակերտի բնակելի տներից մեկի ուղղությամբ։ Արցախի ՊՆ-ն ահազանգել էր՝ վերջին օրերին հակառակորդը տարբեր ուղղություններով խախտել է հրադադարը:
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունն էլ իր հերթին պնդում է, որ նախօրեին հայկական կողմը Սյունիքի ուղղությամբ մի շարք սադրանքներ է ձեռնարկել։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ռուս սահմանապահներն ադրբեջանական կողմին փոխանցել են, որ արարքի հեղինակները «անսթափ վիճակում էին, և խնդրել են պատասխան քայլեր չձեռնարկել»։