Այդ տանը վարձակալությամբ բնակվում է Շուշիից տեղահանված ընտանիք։ Ընտանիքի հայրը՝ Խաչատուր Մունչյանն ասաց, որ վնասը մեծ չէ, ինքն էլ կրակոցի ձայնը չէր լսել, հավանաբար քամու պատճառով․ - «Բայց արդեն գնդակը որ տան մեջ ընկավ, հարվածի ձենն եմ լսել։ Տեսա առաստաղը ծակած, գնդակն էլ գետնին ընկած»։
Մունչյանի խոսքով, ադրբեջանական դիրքերն իրենց տան հենց դիմացն են՝ մի քանի կիլոմետր հեռավորության վրա, սակայն ադրբեջանցի զինվորականների իրենք չեն տեսնում, այս դեպքից առաջ կրակոցներ չեն լսել։ Երեկվա միջադեպի ժամանակ տանը եղած 6 ու 7 տարեկան տղաներ են եղել ու վախեցել․ - «Ազդելը՝ ազդում է բացասական, բայց հասկանալի ա ինչ նպատակով են անում, ու հաստատ իրանց ուզած նպատակը չի իրականա․․․ Որ թողենք գնանք, բան, տենց բան չենք անի»։
Խախտումները նպատակ ունեն խուճապային տրամադրություններ ստեղծել Արցախի բնակչության շրջանում, համոզված են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակում։ Գերատեսչությունից հայտնում են, որ ադրբեջանական կողմը վերջին օրերին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից տարբեր ուղղություներով խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
«Նշված խախտումների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ եթե նախկինում թշնամական կողմը հիմնականում կրակում էր դեպի օդ, ապա ներկայումս ավելի հաճախակի են դարձել ՊԲ մարտական դիրքերի և սահմանամերձ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցները», - ասված է հաղորդագրության մեջ։
Երեկ կրակոցներ են լսվել նաև Լեռնային Ղարաբաղի Շոշ և Մխիթարաշեն համայնքներում։ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանին սահամանակից դարձած գյուղերի ղեկավարներն «Ազատության այսօր հայտնեցին, թե օր չկա, որ կրակոցի ձայներ չլսեն, ասում են՝ ադրբեջանցիները հիմնականում օդ են կրակում։
Մխիթարաշենի համայնքապետ Մխիթար Առուստամյանը ենթադրում է, որ այդ քայլով ադրբեջանցիները փորձում են վախի մեջ պահել իրենց։
Ավելի վաղ էլ Սարուշեն համայնքի ուղղությամբ էին կրակել ադրբեջանցիները՝ վնասելով գյուղտեխնիկան։ Դրանից առաջ էլ Կարմիր Շուկա - Շուշի ճանապարհին ադրբեջանցիները քարկոծել էին հայերի ավտոմեքենաները։
Արցախի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանի խոսքով, հայկական կողմը նախորդ և երեկվա դեպքերի վերաբերյալ տեղեկացրել է ռուս խաղապահներին․ - «Այդ ուղղությամբ մենք աշխատում ենք ռուսական զորակազմի հետ։ Այսինքն՝ նյութեր ենք նախապատրաստում, համապատասխան լուսանկարները, փաստերը հավաքագրված, ռուսերեն թարգմանությամբ ներկայացվում է արդեն ռուս խաղաղապահների հրամանատարությանը։ Այնուհետև բանակցությունները ադրբեջանցիների հետ անմիջապես իրենք են վարում»։
Մամուլում տեղեկություն է շրջանառվում նաև, որ փոխհրաձգություն է տեղի ունեցել Սյունիքի՝ Ադրբեջանին սահմանակից գյուղերի դիրքերում։ Այս լուրերին ֆոնին Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունից հայկական կողմին մեղադրեցին՝ «սահմանային սանդրանքի համար»։
Մինչդեռ Հայաստանի պաշտպանության նախարարությունը ավելի ուշ հերքեց այդ պնդումները՝ հայտարարելով․ - «Չափազանց վառ երևակայություն է պետք ունենալ` Հայաստանի զինված ուժերին ռազմավարական դաշնակից երկրի` ՌԴ խաղաղապահ առաքելության դիրքերի ուղղությամբ կրակոցներ արձակելու «մեղադրանք» վերագրելու համար: Առավել քան ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը հուսահատ փորձ է անում նախորդ օրվա` իր կողմից թույլ տրված հրադադարի ռեժիմի խախտման, մասնավորապես` ԱՀ որոշ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցների պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա»:
Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից վստահեցնում են՝ ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի զինված ուժերը հավատարիմ են հրադադարի ռեժիմի պահպանման եռակողմ պայմանավորվածությանը և նույնը հորդորում են անել ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը: