Պուտինն այսօրվա ուղերձում համառոտ անդրադարձել է Ղարաբաղին, սպառնացել Արևմուտքին

«Ռուսաստանն, ինչպես գիտեք, գլխավոր դերակատարն է եղել Լեռնային Ղարաբաղում հրադադարի հասնելու գործում», - այսօր Դաշնային ժողովին իր ուղերձում ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ուղերձի մեծ մասը՝ մեկ ժամից ավելին նվիրված էր ներքին, մեծամասամբ սոցիալական հարցերին, իսկ վերջին 20 րոպեն արտաքին քաղաքականությանն ու անվտանգությանը։

Պուտինը այսօր հերթական անգամ սպառնացել է Արևմուտքին, ասելով՝ եթե որևէ մեկը փորձի Ռուսաստանի հանդեպ անցնել «կարմիր գիծը, ապա նրանք այնպես կփոշմանեն, ինչպես երբեք չեն փոշմանել ոչ մի բանի համար»։ Պուտինը նշել է, թե կարմիր գիծը Ռուսաստանն է գծելու ամեն կոնկրետ դեպքի համար:

Վերջին շրջանում Արևմուտքի կոշտ ճնշման տակ գտնվող Ռուսաստանի նախագահը բողոքել է Արևմուտքից, միաժամանակ ասելով, թե Մոսկվան իրեն զուսպ է պահում, չնայած մի շարք երկրներ ցանկացած առիթով, երբեմն նաև առանց առիթի «Ռուսաստանից կառչելու անպարկեշտ սովորություն ունեն», և նա նշել է, որ Մոսկվայի զսպվածությունը պետք չէ որպես թուլություն ընկալել։

Պուտինի խոսքերով՝ Ռուսաստանը չի ցանկանում այրել կամուրջները, բայց եթե որևէ մեկը բարի մտադրությունը թուլություն ընկալի և մտադրվի վերջնականապես այրել, կամ նույնիսկ պայթեցնել կամուրջները, ապա պետք է իմանա, որ պատասխանը կլինի «արագ և խիստ»։

Բայց հիմնականում Պուտինի այսօրվա ուղերձը նվիրված էր ներքին գործերին: Արտաքին քաղաքականության մասին շատ մանրամասն Ռուսաստանի նախագահը խոսքում է ուղիղ եթերների ժամանակ, իսկ ուղերձը մեծամասամբ նվիրված է լինում ներքին հարցերին, ինչպես այսօր էր:

Պուտինի ուղերձին զուգահեռ այսօր տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ էին՝ ի պաշտպանություն Նավալնիի

Մինչ Վլադիմիր Պուտինը հանդես էր գալիս Դաշնային ժողովին ուղերձով և նոր վճարումներ խոստանում ռուսաստանցիներին, Ռուսաստանի տարբեր քաղաքներում իրավապահները ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցներին էին ձերբակալում և խուզարկություններ անցկացնում:

Այսօր Ռուսաստանի շատ քաղաքներում բողոքի ակցիաներ են անցնում՝ ի պաշտպանություն Ալեքսեյ Նավալնիի: Նախօրեին իրավապահները կոչ էին անում մոսկվացիներին դուրս չգալ փողոց և չմասնակցել բողոքի ակցիային։

Բողոքի այս նոր ակցիաների մասնակիցները պահանջում են թույլ տալ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի բժիշկներին այցելել նրան, ինքը՝ Նավալանին փետրվարից գաղութում է, և արդեն երկու շաբաթ է հացադուլ է հայտարարել։

Մոսկվայում այսօր առավոտյան ձերբակալել են ընդդիմադիրներ Լյուբով Սոբոլին, Վլադիմիր Ռիժկովին, Նավալնիի մամուլի խոսնակ Կիրա Յարմիշին: Ռեգիոններում անցել են խուզարկություններ Նավալնիի շտաբերում, նրա թիմակիցների մի զգալի մասին ևս բերման են ենթարկել։

Ինչպես ակնկալում էին փորձագետները, Վլադիմիր Պուտինն այսօր իր ուղերձում նոր վճարումներ խոստացավ, օրինակ՝ հղի կանանց՝ ամսական 6000 ռուբլու չափով, դպրոցահասակ երեխաների ծնողներին՝ 10 հազար ռուբլու չափով:

Պուտինի խոսքով, ընդհանուր առմամբ, Ռուսաստանում ամեն ինչ նորմալ է, երկիրը հաջող պայքարում է համավարակի դեմ, պետությունն օգնում է համավարակից տուժած քաղաքացիներին:

Ռուսաստանի նախագահը սկսեց առողջապահությունից, հետո անցավ կրթությանը, ասաց, որ պետք է որոշ շտկումներ անել պատմության դասագրքերում, խոսեց տնտեսությունից: Նշեց, որ պետք է օգնել այն շրջաններին, որոնք այսօր պարտքեր ունեն, ներկայացրեց նոր վարկային ծրագրեր:

Պուտինի այսօրվա ուղերձը նախատեսածից երկար տևեց՝ 1 ժամ 20 րոպե: Դահլիճում նստած պատգամավորները, պաշտոնյաները, հասարակական և մշակությանի գործիչները ակտիվ ծափահարում էին, ոմանք՝ գրառումներ անում:

Հավելենք՝ այսօր Արևմուտքից խոսելիս Պուտինն անդրադարձավ Բելառուսին՝ ասելով թե Արևմուտքը մտադիր էր իշխանափոխություն կազմակերպել Բելառուսում։

Վաղը նախատեսված է Բելառուսի նախագահ Ալեքսնադր Լուկաշենկոյի այցը Ռուսաստան և դիտորդների գնահատմամբ՝ վաղը կարող է Ռուսաստան-Բելառուս նոր՝ ավելի խորը ինտեգրման սկիզբ դրվի։