Թաթոյանը միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում Ալիևի հայտարարություններին՝ դրանք որակելով ցեղասպան ու ֆաշիստական

Օմբուդսմեն Արման Թաթոյան, արխիվ

Ադրբեջանի նախագահը երեկ ադրբեջանական գլխավոր հեռուստաընկերությանը (Azərbaycan Televiziyası) տված հարցազրույցով Հայաստանի ողջ բնակչության մասին խոսել է ուժի, պատերազմի բացահայտ սպառնալիքներով, Ֆեյսբուքում գրում է օմբուդսմեն Արման Թաթոյանը։

«Նկատի ունենալով Հայաստանի ինքնիշխան Հանրապետության տարածքը՝ նա խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու և Հայաստանի բնակչության դուրս շպրտելու մասին՝ անկախ Հայաստանի կամքից: Ադրբեջանի նախագահը նաև նշել է. - «Բոլոր ուժերը մոբիլիզացված են ծրագիրն իրագործելու համար: Այսպիսով, 101 տարի անց ադրբեջանական ժողովուրդը վերադառնում է գրավված Զանգեզուր», - գրում է Թաթոյանը՝ հիշեցնելով, որ դրանից առաջ էլ՝ «ապրիլի 12-ի և 13-ի ելույթներով, օրինակ, Ադրբեջանի նախագահը բացահայտ նշում է, որ Հայաստանում ու Արցախում ապրող սովորական մարդիկ, ողջ հայ ժողովուրդն ունեն հոգեբանական խեղումներ, թույնով են լցված, անհասկացող են, վայրենի են, մեծամիտ են, չունեն բարոյականություն և այլն»:

«Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահի ապրիլի 20-ի հարցազրույցը ցեղասպան քաղաքականության ապացույց է, այն պարունակում է միջազգային իրավունքով բարցարձակ արգելված՝ Հայաստանի ողջ բնակչությանն ուղղված ահաբեկումներ են: Այս ամենն իրականացվում է պատմական փաստերի բացահայտ աղավաղմամբ՝ ներկայացնելով Զանգեզուրը իբր ադրբեջանական պատմական տարածք:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ Ադրբեջանի նախագահը 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո հատկապես է անում հայտարարություններ, որոնք ֆաշիստական քաղաքականության վկայություն են:
Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահն այս կերպ պետական բարձրագույն մակարդակով զարգացնում է էթնիկ ատելություն, այսինքն՝ հայատյացություն ու իրականացնում թշնամանքի հրապարակային քարոզ», - ընդգծում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։

Թաթոյանը նշում է, որ այս օրերին փաստահավաք աշխատանքներ է իրականացնում Սյունիքի մարզի համայնքներում: Աշխատանքների արդյունքները հաստատում են, որ ադրբեջանական զինվորականները կրակում են խաղաղ բնակավայրերի հարևանությամբ, բացահայտ ահաբեկում խաղաղ բնակիչների ու երեխաներին՝ անգամ ձեռքով համապատասխան նշաններ անելով:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հրավիրում է միջազգային, հատկապես՝ մարդու իրավունքների մանդատ ունեցող կազմակերպությունների ուշադրությունն «այս ցեղասպան ու ֆաշիստական բնույթի հայտարարություններին»:

«Միջազգային կառույցները պարտավոր են հաշվի առնել, որ նրանց լռությունն էր, որ պատերազմի ընթացքում նպաստեց ադրբեջանական ավելի մեծ դաժանությունների, իրավունքների անհավանական կոպիտ խախտումների: Դա է նաև պատճառը, որ Ադրբեջանի նախագահի կողմից արվում են նման բացարձակ ագրեսիվ, միջազգային իրավունքի հիմքերը խարխլող հայտարարություններ:

Անհրաժեշտ է վճռական, իրական արդյունք ապահովող միջոցներով կանխել ադրբեջանական ցեղասպան ու ֆաշիստական քաղաքականությունը, հայատյացության ու թշնամանքի պետական քարոզը՝ բացառելու համար իրավունքների նոր խախտումներ, նոր պատերազմական հանցագործություններ ապագայում», - շեշտում է Արման Թաթոյանը։