Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) Հայաստանի կազմակերպության 24-րդ Գերագույն ժողովը որոշել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվելու դեպքում մասնակցել դրանց:
Համաձայն հայտարարության՝ հավանական ընտրություններին ՀՅԴ մասնակցության ձևաչափի վերաբերյալ որոշումներ կայացնելու լիազորությունը վերապահվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնին։
Հայ հեղափոխական դաշնակցությունը տարածած հաղորդագրությունում նշում է, որ «մեր ժողովրդի և պետականության ապագայի համար կենսական անհրաժեշտություն է շարունակում մնալ նախապես հայտարարված բոլոր միջոցներով հայրենադավ իշխանության հեռացումն ու մեր երկրի կառավարման համակարգում նիկոլիզմի իսպառ բացառումը»:
«Թեև ժողովրդական պայքարի արդյունքում իշխանությունները ստիպված էին հայտարարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին, սակայն ակնհայտ է, որ ընտրությունների անվան տակ իշխանությունը փորձելու է ամեն ինչ անել վերարտադրվելու համար, արտահերթ խորհրդարանական ընտրությունների հավանական անցկացումն ունենալու է ճակատագրական նշանակություն մեր ազգային ինքնության և պետականության պահպանման համար», - ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին մարտի 18-ին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: