Արցախի դատախազությունում հարուցված 44-օրյա պատերազմին վերաբերող քրեական գործի շրջանակներում Արցախի նախագահը ծանուցագիր ստանալու դեպքում կգնա հարցաքննության։ Արայիկ Հարությունյանի խոսնակ Լուսինե Ավանեսյանն «Ազատության»-ը փոխանցեց՝ ծանուցագիր դեռևս չեն ստացել։
«Արցախի նախագահի դիրքորոշումը միանշանակ է, եթե իրավապահները հարկ համարեն, այսինքն՝ արդեն պարզ է, որ հարկ են համարում լսել նաև նրան, ինքը գնալու է հարցաքննության», - ասաց Ավանեսյանը։
Արցախի դատախազությունն առաջիկայում որպես վկա հարցաքննության կհրավիրի նախագահ Արայիկ Հարությունյանին, «Ազատության»-ը փոխանցեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Կիմ Գաբրիելյանը։
Նախագահը կհարցաքննվի սահմանադրական կարգը տապալելու հոդվածով՝ մեկ ամիս առաջ՝ մարտին հարուցված քրեական գործի շրջանակներում։
Գաբրիելյանը տեղեկացրեց, որ այս գործով մեղադրյալներ չկան, պարզաբանեց, որ քրեական գործը հարուցվել է Արցախի երկու հասարակական կազմակերպությունների դիմումների հիման վրա, բողոքներն առնչվում են պատերազմի ժամանակաշրջանին։
«Միայն այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ դեռևս ծանուցագիր չի ուղարկվել նախագահին։ Մենք այնտեղ գրել ենք, որ առաջիկայում մենք կտեղեկացնենք, թե ինչ հարցաքննություն է, երբ է լինելու, եթե նախաքննությանը չի խանգարում, մոտավորապես կասենք, թե ինչ հարցադրումներ են եղել», - ասաց Արցախի դատախազության հանրային կապերի բաժնի պետը։
Արցախի 2 հասարակական կազմակերպություններ՝ «Առաջ Արցախը» և «Հայկի սերունդը» անցած դեկտեմբերին՝ դիմելով դատախազություն՝ վկայակոչել են Արցախի Սահմանադրությունը և նշել՝ տարածքային ամբողջականության հետ կապված հարցերը պետք է լուծվեն հանրաքվեի միջոցով, մինչդեռ պատերազմի ելքով տարածքները հանձնվեցին Ադրբեջանին այլ եղանակով։
«Հայկի սերունդ» հասարակական կազմակերության փոխնախագահ Վլադիմիր Գրիգորյանն «Ազատության»-ը փոխանցեց՝ 44-օրյա պատերազմի ելքով խախտվել է Սահմանադրությունը և օրենքները։
«Սահմանադրությամբ ամրագրված են եղել կոնկրետ Արցախի Հանրապետության տարածքները, այսինքն՝ այն տարածքները, որոնք գտնվում են Արցախի Հանրապետության իրավազորության ներքո, դրանք հանդիսանում են անբաժանելի մաս, բայց, ըստ համաձայնագրի, դրանք հանձնվել են Ադրբեջանին», - ասաց Գրիգորյանը։
Հարցին, թե արդյո՞ք Հայաստանի վարչապետին են մեղադրում Արցախի սահմանադրական կարգը տապալելու հարցում, քանի որ պատերազմի ավարտը ազդարարող և երեք շրջանների հանձնումը նախատեսող եռակողմ հայտարարության ստորագրողներից է, Գրիգորյանը կոնկրետ չպատասխանեց՝ ասելով՝ թող քննությունը պարզի մեղավորներին։
«Մենք չգիտենք, մենք իրավաբան չենք, դա եղել է հանրային պահանջ, այո՛, դա հասարակական կազմակերպությունն է ներկայացրել, բայց համահավաք կարծիք է եղել ու ներկայացվել է։ Հիմա արդեն իրավապահ մարմինները պետք է քննեն ու իրենց եզրակացությունը տան, բայց այն, որ անբաժանելի տարածքները հանձնվել են, դա փաստ է», - ասաց «Հայկի սերունդ» հասարակական կազմակերության փոխնախագահը։
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի կարծիքով՝ սահմանադրական կարգը տապալել է Ադրբեջանն՝ իր սանձազերծած պատերազմով, ինչի հետևանքով Արցախի որոշ մասերում դադարել է գործել բնակչության ազատ կամարտահայտության իրավունքը, որը դրսևորվել է 1991 թվականի օրինական հանրաքվեի միջոցով։
«Հիմա, եթե դրա մի հատվածն անեքսիայի է ենթարկվել, այսինքն՝ պատերազմի միջոցով օկուպացվել է, այո՛, դա կարող է մեկնաբանվել, որ Սահմանադրական կարգը տապալվել է, այսինքն՝ այստեղ չի գործում Արցախի բնակչության ազատ կամքը, որը դրսևորված է 91 թվականից։ Հանրային իրավունքի ուժով, փաստորեն, հասարակական կարգն այնտեղ տապալված է և ընդհանրապես իշխանության երեք իշխանությունների մանդատն այնտեղ վերացված է և վերացված է պատերազմի միջոցով, պատերազմն ընդհանրապես արգելված միջոց է», - ասաց Ղազարյանը։
Արցախի դատախազություն դիմած կազմակերպությունների դիմումում նշվում է, որ պատերազմի ժամանակ կատարվել են այնպիսի գործողություններ, որոնք իրենց բնույթով և ակնկալվող հետևանքներով դեմ էին Արցախի շահերին և նպաստավոր պայման էին հանդիսացել ռազմական գործողությունների ընթացքում նահանջի, տարածքային կորուստների և եռակողմ հայտարարությունը կնքելու համար։