Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) աշխատանքների շրջանակում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին:
Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության փոխանցմամբ, Մատվիենկոն կարևորել է երկկողմ հանդիպումների վերականգնումը՝ չնայած նոր կորոնավիրուսային համավարակին: Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի խոսնակը գոհունակություն է հայտնել երկու խորհրդարանների միջև առկա երկխոսության վերաբերյալ և վստահություն հայտնել, որ տարբեր ձևաչափերով փոխգործակցությունը համավարակի հաղթահարմանը զուգահեռ է՛լ ավելի կակտիվանա:
Վալենտինա Մատվիենկոն կարևորել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունումը և հակամարտության գոտում ռուս խաղաղապահների ներկայությունը, ինչը կրակի դադարեցման ռեժիմի ապահովման կարևորագույն գրավական է: Նա վերահաստատել է ռուսական կողմի տեսակետը, որ ադրբեջանական կողմը պարտավոր է հայրենիք վերադարձնել բոլոր ռազմագերիներին և այլ պահվող անձանց, ասված է հաղորդագրությունում։
Միրզոյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական բնույթ կրող հարաբերությունները շարունակում են կայուն զարգացում ապրել տարբեր ոլորտներում: Նա իր ռուս գործընկերոջն է ներկայացրել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո արցախյան հակամարտության շուրջ առկա իրավիճակը՝ բարձրացնելով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց անհապաղ հայրենիք վերադարձնելու հարցի կարևորությունը: ԱԺ նախագահը հավելել է, որ ադրբեջանական կողմի քայլերն անբարենպաստ մթնոլորտ են ստեղծում տարածաշրջանային ենթակառուցվածքների վերաբացման ուղղությամբ տարվող աշխատանքների համար:
Կողմերը համաձայնություն են ձեռք բերել Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության իրականացման վերաբերյալ:
Հանդիպման ավարտին Միրզոյանը Մատվիենկոյին շնորհել է Ազգային ժողովի ոսկե մեդալ՝ երկու երկրների միջխորհրդարանական կապերի ամրապնդման և լիբանանահայ Մարալ Նաջարյանին ադրբեջանական գերությունից ազատման գործում ունեցած կարևորագույն ներդրման համար:
Հայկական կողմի տարբեր տվյալներով` այսօր Ադրբեջանի տարածքում կա շուրջ 200 հայ ռազմագերի։ Մինչ այժմ Հայաստան է վերադարձվել 69 գերի, շուրջ մեկ ամիս առաջ ազատ արձակվեց և Բեյրութ վերադարձավ նաև լիբանանահայ Մարալ Նաջարյանը։
Ադրբեջանը, սակայն, հաստատել է 70 հոգու գերեվարման փաստը, ընդ որում՝ պնդելով, թե նրանցից 56-ը, որոնք Խծաբերդում գերեվարված պահեստազորայիններն են, ոչ թե ռազմագերիներ են, այլ «ահաբեկիչներ և դիվերսանտներ»: