Վիեննայի բանակցությունները հյուծիչ բնույթ չպետք է ստանան, պնդում է Խամենեին

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի, արխիվ

«Իրանի միջուկային ծրագրի շուրջ 2015 թվականին կնքված պայմանագրի վերագործարկման շուրջ բանակցությունները հյուծիչ բնույթ չպետք է ստանան», - հայտարարել է երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին՝ մեկնաբանելով նախորդ շաբաթ Վիեննայում մեկնարկած դռնփակ քննարկումները, որոնց մասնակցում են Իրանի, Միացյալ Նահանգների, Եվրամիության, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և Չինաստանի դիվանագետները։

«Բանակցությունների ընթացքում ամերիկացիները ճշմարտությունն ընդունելու ցանկություն չունեն։ Նրանց նպատակն այս բանակցությունների ընթացքում իրենց առջև դրված անարդար նպատակներին հասնելն է։ Եվրոպական պետությունները, հակառակը, ճանաչում են Իրանի իրավունքները։ Ամեն դեպքում, միջուկային խնդրին նվիրված Վիեննայի այս բանակցությունները չպետք է հյուծիչ բնույթ ստանան», - հայտարարում էր Իրանի հոգևոր առաջնորդը։