Թուրքիան մտահոգված է Դոնբասում իրավիճակի սրման կապակցությամբ և պատրաստ է Ուկրաինային «ցանկացած անհրաժեշտ աջակցությունը» տրամադրել այդ տարածաշրջանում լարվածության թուլացման համար։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ Ստամբուլում ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում։
Էրդողանը միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ հակամարտությունը Ուկրաինայի սահմաններին կկարգավորվի «դիվանագիտական ճանապարհով, Ուկրաինայի տարածքային ամբողջականության և միջազգային իրավունքի շրջանակներում»։ Թուրք առաջնորդը նաև հայտարարել է, թե աջակցում է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության հեռանկարին։
Վլադիմիր Զելենսկիի խոսքերով` Էրդողանի հետ բանակցություններում քննարկել են Սևծովյան տարածաշրջանում մարտահրավերներին համատեղ հակազդելու և անվտանգության հարցեր։ «Անհրաժեշտ է նշել, որ Կիևի և Անկարայի տեսլականները համընկնում են ինչպես սպառնալիքների, այնպես էլ դրանց արձագանքելու ուղիների վերաբերյալ», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Ըստ ուկրաինական կողմի պաշտոնական հաղորդագրության՝ Զելենսկին և Էրդողանը նաև պայմանավորվել են շարունակել համատեղ քայլերը Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնման ուղղությամբ։