«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը Ռուսաստանին կոչ է անում վերջ դնել Լեռնային Ղարաբաղը տեղեկատվական «սև խորշ» դարձնելու քաղաքականությանը:
Հեղինակավոր լրագրողական կառույցը հատուկ հայտարարությամբ անդրադարձել է ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Լաչինի միջանցքում տեղակայված ռուս խաղաղապահների կողմից Լեռնային Ղարաբաղ լրագրողների մուտքի սահմանափակումներին։ Կառույցը մատնանշում է առնվազն 10 դեպք, երբ ռուս զինվորականները մերժել են արևմտյան լրագրողներին մուտքի թույլտվության հարցում։ Կազմակերպության պնդմամբ` լրագրողներին մերժելու համար ռուսական կողմը չուներ որևէ օբյեկտիվ պատճառ։
«Լրագրողները այդ տարածքի համար անվտանգության սպառնալիք չեն ներկայացնում»,- շեշտում է կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի տնօրեն Ժաննա Կավալյեն՝ հավելելով, որ առանց միջազգային մամուլի Լեռնային Ղարաբաղը կարող է վերածվել տեղեկատվական «սև խորշի»։ Լրագրողական հայտնի կազմակերպությունը Ռուսաստանի իշխանություններին կոչ է անում վերացնել այդ խոչընդոտները, թույլ տալ լրագրողների ելումուտը անկախ նրանց ազգությունից։
Կառույցը դիմում է նաև ՄԱԿ-ին, Եվրոպայի խորհրդին` խնդրելով օգնել ապահովելու տեղեկատվություն ստանալու իրավունքը։