Արցախ այցելել ցանկացող արտասահմանցիներն արդեն երկու ամիս է՝ մուտքի թույլտվություն ստանալու խնդրին են առնչվում. Արցախի իշխանությունները ոչ բոլորին են մուտքի արտոնագիր տրամադրում, այդ թվում՝ միջազգային լրագրողներին։ CNN-ի, Al Jazeera-ի, The Guardian-ի թղթակից, կանադացի լրագրող Նիլ Հաուերի դիմումն օրերն առաջ են մերժել։
«Դա ինձ համար մեծ անակնկալ չէր, քանի որ ես գիտեմ շատ մարդկանց, շատ արտասահմանցիների, որոնք վերջին երկու ամիսներին նույն խնդիրն են ունեցել՝ փորձելով գնալ Արցախ, սակայն չկա որևէ պատճառ, թե ինչու ինձ մերժեցին այցելել Արցախ», - նշեց Հաուերը։
Պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում ու հրադադարից հետո Արցախ առանց խոչընդոտի է այցելել, ասում է կանադացի լրագրողը, իսկ թե ի՞նչ փոխվեց այս ընթացքում, միայն կասկածներ ունի. այդ գործընթացում. հավանաբար, մեծ է ռուսական կողմի ազդեցությունը. «Մինչ այս ես խնդիրներ չեմ ունեցել Արցախ այցելելու հետ կապված։ Ես Արցախի պաշտոնյաների գիտեմ, կառավարության ներկայացուցիչների, նրանք ևս ինձ լավ գիտեն, մենք խնդիրներ չունենք։ Շատ տարօրինակ էր, երբ մերժեցին՝ առանց որևէ բացատրության»։
Կանադացի լրագրողը Արցախ մուտք գործելու թույլտվություն ստանալու համար լուսանկարիչ գործընկերոջ հետ էր դիմել Երևանում Արցախի ներկայացուցչություն, չնայած գործընկերոջ դիմումը հաստատել էին, ասում է՝ սակայն արդեն մուտք գործելու օրը ռուս խաղաղապահներն արգելել են նրան Արցախի տարածք մտնել։ Հիմա գործընկերոջ հետ միասին Սյունիքում է՝ պատերազմից հետո ստեղծված իրավիճակը լուսաբանելու համար։
«Մենք այստեղ բազմաթիվ նյութեր ենք պատրաստում, թե ինչ իրավիճակ է այստեղ, և ինչպես է պատերազմն ու հետպատերազմական իրավիճակն ազդել մարդկանց վրա», - ասաց Նիլ Հաուերը։
Օտարերկրացիների համար Արցախ մուտք գործելու՝ փետրվարից սահմանված նոր ընթացակարգը դեռևս ամբողջությամբ մշակված չէ, բայց արդեն ավարտին մոտ է, դրա անհրաժեշտությունն առաջացել է պատերազմից հետո, ասում է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ Պաշտոնյայի խոսքով՝ մուտքի թույլտվություն տալու կամ չտալու հարցերը Արցախի իշխանությունները ռուս խաղաղապահների հետ համատեղ են որոշում։ «Խաղաղապահների հետ միասին, քանի որ նրանք են առաջին հերթին անվտանգության պատասխանատուն», - պարզաբանում է Բաբայանը։
«Նոր պահանջներն են ստիպում, որպեսզի մենք ունենանք նոր կարգ, քանի որ եղել է արյունալի պատերազմ, անվտանգության խնդիրներն այս պահի դրությամբ շատ կարևոր են, առաջնային են և մեքն պարտավոր ենք նաև մտցնել համապատասխան կարգավորում, դա յուրաքանչյուր երկրի սուվերեն իրավունքն է: Եթե վիզայի համար դիմում եք ինչ-որ երկիր, ասենք, ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա և մերժում եք ստանում, այնտեղ գրված չէ, չէ՞, թե ինչի համար, տարբեր պատճառներով, և մենք պարտավոր չենք բացատրել», - ասաց Արցախի ԱԳ նախարարը:
Թե քանի օտարերկրացու են մերժել մուտք գործել Արցախ, Դավիթ Բաբայանը չի հայտնում, ըստ նրա՝ դա հրապարակման ենթակա չէ, միևնույն ժամանակ արցախցի պաշտոնյան պնդում է՝ մերժում ստացածների թիվը շատ չնչին տոկոս է կազմում, իսկ իրենք այդ քայլով ոչ մի օրենք չեն խախտում։
Սահմանափակումներն ի շահ հայկական կողմի չեն, համոզված է մեդիա մասնագետ, պատերազմի ընթացքում ու հետո տարբեր միջազգային լրատվամիջոցների ուղեկցած Սեդա Գրիգորյանը։ Վերջինս կարծում է, որ նոր փոփոխության պատճառով ադրբեջանական կողմն է շահում։
«Youtube-ը ողողված է Աղդամի մասին տեսաֆիլմերով, արդեն թե՛ ադրբեջանական և թե՛ միջազգային որոշ լրատվականներ գնում են, Աղդամի ավերակներն են նկարահանում, և կրկին հիմա իրենք առաջ են քաշում, թե «ինչպես են հայերը մեր մշակութային և քաղաքացիական ենթակառուցվածքների ժառանգությունը ավերել 30 տարի», - նշեց Գրիգորյանը:
Մինչդեռ, մեդիա մասնագետը նկատում է՝ այս սահմանափակումներով միջազգային հանրությունը չի տեղեկանում, թե ինչ պատերազմական հանցագործություններ է իրականացրել Ադրբեջանը. «Փաստորեն, չենք թողնում, որ այս մարդիկ գան, մուտք գործեց Արցախ և ցույց տան, թե ինչ ավերածություններ են եղել Արցախում, ինչ ենք մենք կորցրել մարդկանց վիճակը, իրենց կորցրած կենսակերպը: Այսինքն եթե մենք այսօր ուզում ենք խոսել վիզուալ առումով ցույց տալ մեր կորուստները, միակ բանը, որ կարող ենք խորհուրդ տալ միջազգային լրագրողներին՝ այցելել Եռաբլուր»:
Պատերազմի ընթացքում միջազգային լրագրողներն Արցախ այցելու համար հավատարմագրում էին ստանում Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների միջոցով։ Պաշտոնական Երևանի տվյալով՝ 44-օրյա պատերազմի ընթացքում 600-ից ավելի լրագրող է հավատարմագրվել ու գնացել Արցախ։