Ըստ Սամսոնյանի՝ ՄԻՊ անկախության երաշխիքները վերացնող օրինագիծը հետ է կանչվել ԱԺ-ից

Մարդու իրավունքների պաշտպանի անկախության սահմանադրաիրավական երաշխիքները վերացնող օրենքի նախագիծը Կառավարությունը հետ է կանչել ԱԺ-ից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Անպայման պետք է դրսից էլ ճնշում լիներ, որ հասկանային՝ չի կարելի քանդել պետության միակ կայացած ինստիտուտը», - գրել է ընդդիմադիր պատգամավորը։

Կառավարությունը մարտի 11-ի նիստում, հիշեցնենք, ընդունեց Ֆինանսների նախարարության առաջարկը, ըստ որի՝ պետք է ուժը կորցրած ճանաչվի «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը: Հենց այս դրույթն է սահմանում, որ յուրաքանչյուր տարի պաշտպանի աշխատակազմին պետական բյուջեով հատկացվող գումարը չի կարող պակաս լինել նախորդ տարվանից:

Թաթոյանը հայտարարեց, որ «Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է նախագիծ, որով նախատեսվում է վերացնել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի անկախությունը կառավարությունից և ԱԺ-ում կառավարող խմբակցությունից, և այլևս խնդիրներ բարձրացնելու համար քաղաքական իշխանության մարմինները կարող են կրճատել մեր հաստատության ֆինանսավորումը»։

Պաշտպանը նախագիծը որակեց խտրական, որն ուղղված է ՄԻՊ գործունեությունը սահմանափակելուն` նշելով՝ ընդունվելու դեպքում կդիմի Սահմանադրական դատարան, կառավարությունն էլ հակադարձեց՝ փաթեթը որևէ անձի կամ կառույցի դեմ չէ և այն Կառավարության վերաբերմունքի դրսևորում որակելու փորձերն ամբողջությամբ առարկայազուրկ համարեց: