Գործադրից պնդում են, որ կառավարության նիստում հավանության արժանացած օրենքների փոփոխությունները չեն կարող հանգեցնել նշված ոլորտներում բյուջետային ծախսերի նվազման և, առավել ևս՝ նպատակ չի հետապնդում նույնիսկ անուղղակիորեն կանխորոշել հետագա տարիների ծախսերի չափերը։
Կառավարության արձագանքը, սակայն, չի բավարարում խորհրդարանական ընդդիմությանը։ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի նկատմամբ ոտնձգությունը խստիվ դատապարտելի է, հայտարարում են ընդդիմադիրները։
Շաբաթ օրը հրավիրած ասուլիսում մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել էր, թե կառավարության առաջարկած փոփոխություններով կարող է կրճատվել իր գրասենյակի տարեկան բյուջեն։
«Խնդիրը ինստիտուցիոնալ է և կարող է նաև կապված լինել անձի հետ, որովհետև ՄԻՊ-ի ինստիտուտը հեղինակության հիման վրա գործող ինստիտուտ է, և անձի հեղինակությունը բերում է ինստիտուտի հեղինակության բարձրացման։ Եվ հետևաբար այսօր ՄԻՊ-ի ինստիտուտի նկատմամբ նման ոտնձգությունը խստիվ դատապարտելի է։ Ես կարծում եմ, այդ նախագիծը խորհրդարանում չի անցնի, դա կտապալվի», - ասում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Ի դեպ, ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի իրականացրած սոցհարցման, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը վերջին տվյալներով հանրության շրջանում ունի ամենաբարձր վարկանիշը։
Կառավարությունը մարտի 11-ի նիստում ընդունեց չզեկուցվող հարցերի շարքում ներառված Ֆինանսների նախարարության առաջարկը, ըստ որի պետք է ուժը կորցրած ճանաչվի «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը: Հենց այս դրույթն է սահմանում, որ յուրաքանչյուր տարի պաշտպանի աշխատակազմին պետական բյուջեով հատկացվող գումարը չի կարող պակաս լինել նախորդ տարի հատկացվածից։
Մարդու իրավունքների պաշտպանը սա ակնհայտ հակասահմանադրական ու խտրական նախագիծ էր որակել, և ընդունվելու դեպքում, ասել էր, կդիմի Սահմանադրական դատարան։
«Խնդիրն անձնավորված է և օմբուդսմենը թիրախավորված է», - ընդգծում է ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը․ - «Սա ես կարող եմ ասել, որ հստակ քաղաքական մեսիջ ունի իր մեջ, սա հստակ քաղաքական կոդ է։ Նաև ես էստեղ մի քանի հղումներ եմ կատարել․ Վենետիկի հանձնաժողովը, ՄԱԿ-ի տարբեր կառույցներ բազմիցս նշել են, որ օմբուդսմենը պիտի ֆինանսավորվի այնքան, որպեսզի կարողանա պահպանվել օմբուդսմենի գրասենյակի անկախություն։ Սրանով իրենք փորձում են օմբուդսմենին կախյալ պահել կառավարությունից, կախյալ պահել պետական ֆինանսավորումից։ Արման Թաթոյանը ունի օմբուդսմենի ամենաբարձր А կարգավիճակը, որը շատ քիչ օմբուդսմենների ու օմբուդսմենների գրասենյակների է տրվում։ Վստահաբար միջազգային հանրությունն իր խոսքն այստեղ անպայմանորեն ասելու է»։
Զոհրաբյանի կարծիքով, իշխանությունը հաշվեհարադար է տեսնում, նրանց դուր չի գալիս այն, որ օմբուդսմենը ներկայացնում է հավասարապես բոլորի տեսակետները․ - «Իրենք ուզում են իրենց կրնկի տակ ճմռթված օմբուդսմեն։ Ես ենթադրում եմ, որ իրենք արդեն մոտավորապես ունեն թեկնածու օմբուդսմենի և կարծում են Արման Թաթոյանի նկատմամբ սկսված խաչակրաց արշավանքը հասցնելու են ավարտին և ընդունելու են իրենց սրտի օմբուդսմենին, որը կլինի ոչ միայն իրենց սրտում, այլ Փաշինյանի գրպանում։ Այսինքն՝ իրենք ըստ էության Հայաստանը զրկում են մարդու իրավունքների պաշտպանության բոլոր հնարավոր իմունիտետներից»։
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը որքան ուժեղ է, այնքան բարձր է երկրում ժողովրդավարության աստիճանը, ասում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։ Նրա խոսքով, այս նախագծի հետևանքները շուտով նկատելի կլինեն։ Հավելում է նաև, որ մարդու իրավունքներին առնչվող ոլորտները չպետք է ենթարկվեն կրճատումների, ինչպես նաև անթույլատրելի է այս նախագծի հիմքում որևէ կերպ անձի խնդիր դնել․ - «Սա շատ մեծ ազդեցություն է ունենալու Հայաստանի վարկանիշի վրա՝ որպես դեպի ժողովրդավարություն գնացող պետություն։ Այնպես որ, մենք ունենալու ենք բավականին լուրջ խնդիրներ»։
Գործադիրը նաև հայտարարում է, որ օրենքի փոփոխությունը կապված չէ Հայաստանում ընթացող քաղաքական որևէ գործընթացի հետ և ուղղված չէ առանձին պաշտոնյայի դեմ։
Իշխող «Իմ քայլի» պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ասում է, որ խմբակցությունում նախագիծը դեռ չեն քննարկել, կողմ կամ դեմ քվեարկելու մասին դեռ որևէ որոշում չունեն․ - «Մենք որևէ խնդիր չունենք որևէ անձի հետ, և բոլոր կարծիքները որևէ հիմք չունեն։ Մենք բոլոր ընթացակարգերով կգնանք, կքննարկենք այս նախագիծը, բնականաբար կլինեն տարբեր կարծիքներ, և որոշում կկայացվի ըստ այդմ»։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի տարեկան բյուջեն կազմում է ավելի քան 530 միլիոն դրամ (532 մլն 480 դրամ)։ Թաթոյանի փոխանցմամբ, վերջին տարիներին էականորեն աճել է իրենց ներկայացվող դիմումների ու բողոքների թիվը։ Եթե 2015-ին ստացել են 5214 բողոք, ապա 2020-ին թիվը եռապատկվել է՝ հասնելով շուրջ 15 հազարի, հետևաբար ֆինանսավորման կրճատումը կխոչընդոտի իրենց։
Կառավարությունը շուրջ մեկ ամիս առաջ էլ տնտեսական խնդիրները լուծելու հիմնավորմամբ կրճատել էր ՄԻՊ-ի աշխատակազմին կցված մեքենաներից 3-ը։ Ընդ որում, օմբուդսմենի խոսքով, վարչապետի աշխատակազմը ցանկացել էր 11 մեքենայից 8-ը կրճատել, որոնց թվում եղել են նաև Եվրամիության միջոցներով հատկացված մեքենաներ։