Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքում հնչեցին արտահերթ ընտրությունները բոյկոտելու կոչեր

Հայ հեղափոխական դաշնակցությունը դեռ որոշում չի կայացրել Ռոբերտ Քոչարյանի հետ արտահերթ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ։ Այս մասին այսօր Սևանի հանրահավաքից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՅԴ գերագույն մարմնի անդամ, «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության համակարգող Իշխան Սաղաթելյանը։

«Հայ հեղափոխական դաշնակցությունը դեռ չունի որոշում՝ ընտրություններին ինչ ֆորմատով է մասնակցելու», - ասաց Սաղաթելյանը:

«Ազատության» հարցին՝ այսինքն ՀՅԴ-ի մասին չէր խոսե՞լ Ռոբերտ Քոչարյանը, երբ ասում էր՝ երկու կուսակցության հետ արդեն համաձայնություն կա, Սաղաթելյանը պատասխանեց. «Այդ մասին պետք է հարցնեք պարոն Քոչարյանից: Քանի դեռ Դաշնակցության գերագույն մարմինը այդ մասին հայտարարություն չի արել, ուրեմն մինչև այդ պահը մենք որոշում չունենք»:

Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 5-ին, ռուսական Առաջին ալիքի եթերում Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում հայտնել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է որպես կուսակցությունների դաշինքի ղեկավար: Նա նշել էր նաև, որ ամենայն հավանականությամբ դաշինքում կլինի երկու կուսակցություն:

Ընդդիմադիր ավելի քան 10 ուժերի միավորող Հայրենիքի փրկության շարժումը շաբաթներ շարունակ Բաղրամյան պողոտան, այնուհետև Ազգային ժողովին հարակից Դեմիրճյան փողոցը փակ պահելուց հետո օրեր առաջ որոշեց բացել այն և հայտարարեց մարզային այցեր սկսելու մասին։ Առաջին այցը Գեղարքունիքի մարզ էր։ Հավաքին ներկա էր նաև Վազգեն Մանուկյանը, որին հենց հարթակից ներկայացրին որպես վարչապետի միասնական թեկնածու։

Մանուկյանի ելույթից պարզ դարձավ շարժման օրակարգը փոփոխության չի ենթարկվել, չնայած հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի հայտարարությանը:

«Մենք գտնում ենք, որ ներկա իշխանությունը պետք է վռնդվի դուրս, ստեղծվի ժամանակավոր կառավարություն, որի ընթացքում հանդարտվի երկիրը, որի ընթացքում մենք տեսնենք, թե ինչ ճանապարհով ենք գնալու, վերականգնվեն որոշ բաներ և ինչ-որ ժամանակից հետո արդեն ընտրություն կլինի, ժողովուրդը կորոշի՝ ում հետևից է գնում, ում է ընտրում նախագահ: Ներկա ընտրությունները բացի գլխացավանքից, բացի վնասակարությունից ոչ մի բան Հայաստանին չեն բերելու», - հայտարարեց Մանուկյանը:

Շարժման անդամներից նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ևս հարթակից առաջիկա համապետական ընտրությունները բոյկոտելու կոչ արեց:

Հանրահավաքի ավարտին Սաղաթելյանից հետաքրքրվեցինք արդյոք չկա՞ հակասություն հարթակից հնչող հայտարարությունների և շարժման մաս կազմող կուսակցությունների քայլերի միջև։ Նկատենք շարժման միացած կուսակցություններից են նաև ԲՀԿ-ն, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Փաշինյանի հետ արտահերթ ընտրություններ անցկացնելու պայմանավորվածություն է ձեռք բերել։

«Կուսակցություններ կան, որ հայտարարել են՝ գնում ենք ընտրության միջոցով հեռացնելու, մի մասը գտնում է, որ պետք չէ ընտրության միջոցով, մինչև ընտրությունները գործ ունենք անելու, յուրաքանչյուր կուսակցություն ընտրել է իր ճանապարհը», - ասաց շարժման համակարգողը:

Իշխան Սաղաթելյանը չի մանրամասնում եթե ոչ ընտրության միջոցով, ապա ինչպե՞ս են հեռացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Իսկ արտահերթ ընտրությունների մասով դեռ չեն շտապում կարծիք հայտնել, քանի որ վստահություն չունեն, որ այդ ընտրությունները կկայանան:

«Երբ որ շարժումը թափ է հավաքել, ինքը հանդես է եկել ընտրությունները կազմակերպելու անհրաժեշտության մասին, հետո շարժումը ինչ-որ կերպ հետ է նահանջել, հայտարարել է, որ այլևս ժողովրդական պահանջ չկա: Ես ունեմ բավարար հիմքեր իրեն չհավատալու համար, երբ որ ոչ մի բան չգտնի, քովիդը պատճառ կբռնի և այդ ընտրությունները կհետաձգվի», - նշեց Սաղաթելյանը: