Ղևոնդյանների մի որդին զոհվել է պատերազմում, մյուսը՝ ծանր վիրավորվել․ մեդալները մորը չեն սփոփում

Վանաձորցի Ղևոնդյանների ընտանիքը երկու ժամկետային զինծառայող որդի ուներ բանակում, երբ սկսվեց 2020-ի ահարկու պատերազմը։

Նրանցից մեկը՝ հրետանու 18-ամյա նշանառու Նարեկը, որ ընդամենը երկու ամիս առաջ էր զորակոչվել բանակ, հակառակորդի անօդաչուներից թափվող առաջին ռումբերից ծանր վիրավորվել է, տեղափոխվել Երևան ու վիրահատվել մի քանի անգամ։ Դեռ գիտակցության չեկած, ընտանիքը լուր է ստացել՝ եղբոր՝ Գոռի զոհվելու մասին։ Գոռն այս տարվա հունվարի 13-ին ավարտելու էր ծառայությունը։

«Շատ խառն էինք, Նարեկը շատ ծանր էր ամսի 28-ին, իսկ Գոռիս դեպքն իմացանք, որ 30-ին ա եղել», - «Ազատության»-ը պատմեց նրանց մայրը՝ Լեյլա Պետրոսյանը։

Գոռ Ղևոնդյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։ Մայրը, հայացքը չկտրելով մեդալից, ինքն իրեն հարց է տալիս՝ կսփոփի՞ այդ մեդալն իրեն․ - «Մեր տանն էնքան ուրախություն էր, Նարեկը՝ պարող, պարի ա գնացել, դհոլի ա գնացել, մեր տանն ամեն մի փորք առիթը մեր տանը․․․ բայց հիմա էլ չկա»։

Տան մի հատվածը, որտեղ Գոռը սիրում էր նստել համակարգչի դիմաց, հիմա դարձել է նրա հիշատակի անկյունը։ Գոռի լուսանկարներն են, հետմահու ստացած մեդալը, եռագույն դրոշն ու Գոռին հիշեցնող իրեր։

Ավագ եղբոր կինը՝ Սյունեն, համադրելով պատերազմի ընթացքում ու դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունները, հարց է տալիս՝ հանուն ինչի՞ տեղի ունեցան այս կորուստները․ - «Նարեկը՝ վիրավոր, կյանքի ու մահվան կռիվ էր տալիս, մենք արդեն գժվում էինք Գոռիկի մասին մտածելուց, եթե հասցնեինք, եթե երկու օր հետո գոնե լիներ, մի օր հետո, ես ու իմ ամուսինը հաստատ հետ կբերեինք։ Ինչքան մտածում եմ արժանի չեմ համարում էս պետությանը, որ մենք մեր հարազատին կորցրեցինք»։

Վշտի հետ անհաշտ ընտանիքի հայրը՝ Հովսեփ Ղևոնդյանը, հակադարձում է՝ երկրին լավ բանակ ու զինվորներ են հարկավոր, պետք եղած դեպքում այսօր էլ տղաներին բանակ կճանապարհի։

«Ես ասել եմ ու կասեմ՝ էսքան բանից հետո էլ, ով ինչ ուզում ա ասի, մեզ զինվորներ են պետք։ Կռիվ ա եղել։ Իմ նեղությունն էն ա, որ մեր պետությունն ամեն ինչ պետք է թողեր էս 30 տարիների մեջ, պիտի բանակը հզորացներ»։

Պատերազմում ծանր վիրավորված Նարեկի վերքերը դեռ չեն լավացել։ Շուտով 7-րդ անգամ կվիրահատվի։ Բոլոր ներքին օրգանները վնասվել են։

«27-ին պատերազմը սկսել ա, մենք ձեները լսել ենք, գնացել ենք, նստել ենք մեքենան, շարժվելու ժամանակ ավտոպարկը ռմբակոծել են ու մեր մարտկոցը սաղ վիրավորվել են, սաղ, ու ընդհանրապես դիվիզիան դուրս չի եկել էդ պահին», - պատմեց Նարեկը։

Հովսեփ Ղևոնդյանն ու Լեյլի Պետրոսյանը 30 տարի առաջ գնած փայտե տնակում չորս տղա են մեծացրել։ Ծրագրել էին՝ որդիները կվերադառնան բանակից, կաշխատեն, տուն կունենան, ամեն ինչ լավ կլինի։ Կիսատ մնացին երազանքները, ասում են․ - «Ասավ՝ մամ, բան չի մնացել, կգամ, ձեզ թև ու թիկունք կլինեմ»։

Միայն 5-ամյա Լիկայի ուրախ ձայներն են երբեմն խախտում տան անվերջ թվացող լռությունն ու սգացող մոր հեկեկոցը։ Փոքրիկ Լիկան դեռ սպասում է հորեղբորը, որ իրեն հեծանիվ էր խոստացել՝ բանակից հետո անպայման առնելու էր։