Մատչելիության հղումներ

Առիթները միայն տխուր են, կանչերը՝ ցավալի․ Այրումում երաժիշտները տարուց ավելի է ուրախ առիթներին նվագելու հրավեր չեն ստացել


Տավուշի մարզի Այրում համայնքում արդեն 40 տարի հայտնի են դհոլի, կլարնետի ու ակորդեոնի վարպետ Վահրամը, Ավագն ու Խաչիկը։ Արդեն չորս տասնամյակ նրանց տնից տուն ու համայնքից համայնք են հրավիրել ինչպես հարսանիքներում, այնպես էլ տխուր առիթներին նվագելու համար։ Պատմում են, որ անգամ Հայաստանից դուրս են կանչել։

«Չեչնիա գնացել ենք, գնացել ենք Սիմֆերոպոլ իրար հետ, Վոլգոգրադ, Կրասնոդար, Մոսկվա, Ռոստով, Սոչի, Արմավիր, Անապա», - ասաց երաժիշտներից մեկը։

Բայց արդեն մեկ տարուց ավելի է՝ հարսանիքի կանչվոր չեն դարձել։ Ասում են՝ ինչպես Այրումում, այնպես էլ իրենց ծանոթ մյուս տեղերից ուրախ առիթներով հրավերներ չեն ստանում։ Առիթները միայն տխուր են, կանչերը՝ ցավալի։

«Մինչև պատերազմն էլ կորոնավիրուսի պահով էլի ոչ մի ուրախություն չկար։ Արդեն մենք էլ ենք հոգնել էս գերեզմաններից։ Սաղ թաղում ա։ Ժողովրդին պետք ա մի քիչ ուրախացնենք էլի, հերիք ա ինչքան էս ժողովուրդը տեսավ», - նշեց երաժիշտը։

Կլարնետահար Ավագն ասում է՝ 44-օրյա պատերազմից հետո էլ հարսանիքների սիրտ ու հավես չմնաց։ Բոլորն ասես, խոր թմբիրի մեջ մտան։ Պատերազմից հետո ժամանակ առ ժամանակ երաժշտական գործիքները ձեռքներն են առել ու սրտի հառաչանք նվագել։ «Օրինակ՝ երկրաշարժի ժամանակ էս մեր հոգևոր առաջնորդն ասում էր՝ «հարսանիք արեք, ուրախացեք, որ էս վիշտը փարատվի»։ Հիմա դրա սիրտն էլ չկա, էս մեր ջահելների կորցնելուց հետո։ Մենք էլ ընկեր ունենք, որ էրեխեն մինչև էսօր չկա, ոչ մեկն էլ սիրտ չունի հարսանիքի։ Թաղումն էլ մի ձևի գնում ենք, նվագում ենք, գալիս ենք»։

Բայց մի տեսակ զգուշորեն իրար հույս են տալիս, թե վերջին մեկ ամսում փոքր-ինչ տեղաշարժ են նկատում։ Արդեն հատուկենտ ուրախության առիթներ ականջներին է հասնում։ Դա ուրախացնում է երկար տարիների երաժիշտներին։

«Վիշտը վիշտ է, ծնողը չի կարող իր էրեխուն մոռանա, բայց ամեն դեպքում կյանքը շարունակվում ա։ Կարցրել ենք նաև 90-ականների պատերազմներին, ապրիյանին, բայց էլի ապրել ենք։ Պետք է ժամանակն էս ցավերը բուժի, ուրիշ ոչ մի ձև չկա», - ասաց երաժիշտներից մեկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG