Բուլղարիայի վարչապետը ընտրություններում հաղթանակից հետո համագործակցության կոչ է անում ընդդիմությանը

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսով, արխիվ

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը, որի առաջնորդած ԳԵՐԲ կուսակցությունն, ամենայն հավանականությամբ, հաղթել է երեկվա խորհրդարանական ընտրություններում, ընդդիմությանը դիմել է համագործակցելու առաջարկով՝ նկատել տալով, որ ընդդիմադիրները կարող են տեղեր ստանալ նոր կառավարությունում:

«Ես ձեզ խաղաղություն եմ առաջարկում, եկեք ընտրենք փորձագետներ և մինչև դեկտեմբեր հաղթահարենք համավարակն ու առաջ շարժվենք: Եկեք ընտրենք լավագույն մարդկանց, որոնք կանեն այդ աշխատանքը, երբ միասնական ենք՝ ուժեղ ենք», - հայտարարել է Բորիսովը տեսաուղերձում, որը տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում:

Երեկվա ընտրությունները հասարակության համար դարձել են յուրօրինակ վստահության հանրաքվե Բորիսովին, ով ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում գերիշխող դիրք ունի Բուլղարիայի քաղաքական ասպարեզում:

Անցած մի քանի ամիսների ընթացքում Բուլղարիայում տեղի են ունեցել բողոքի լայնածավալ ցույցեր, բացի այդ, էապես ավելացել է կորոնավիրուսով ախտահարումների թիվը:

Էքզիթ փոլերի արդյունքները վկայում են, որ Բորիսովի առաջնորդած կուսակցությունը կվաստակի քվեների մոտ 25 տոկոսը: Երկրորդ տեղը հավանաբար կզբաղեցնի Սոցիալիստական կուսակցությունը, և երրորդը կլինի «Կա այդպիսի կուսակցություն» անվամբ ընդդիմադիր կառույցը:

Եթե այս կանխատեսումներն իրականություն դառնան, Բորիսովի կուսակցությունը կստանա չորրորդ անգամ կառավարություն կազմելու հնարավորություն: Ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասն ընտրությունների նախօրեին պնդել է, որ չի ցանկանում ուղիղ համագործակցություն հաստատել ԳԵՐԲ կուսակցության հետ:

Բորիսովը նախկին հրշեջ է, տասնամյակներ առաջ ծառայել է որպես կոմունիստական Բուլղարիայի ղեկավար Տոդոր Ժիվկովի թիկնապահ:

Transparency International-ի զեկույցի համաձայն՝ Բուլղարիան Եվրամիության ամենակոռումպացված պետությունն է:

Աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ Պետական դեպարտամենտի վերջին զեկույցի համաձայն՝ Բուլղարիայում կան արդարադատության համակարգի անկախության հետ կապված լուրջ դժվարություններ, և վտանգված է խոսքի ազատությունը: