Այս եզրահանգմանն են եկել Երևանի պետական բժշկական համալսարանի մասնագետները, որոնք շուրջ մեկ տարի գիտական հետազոտություն են անցկացրել քովիդով վարակված ու առողջացած 900-ի ավելի կամավորականների շրջանում։ Վերջիններս 6 ամսվա կտրվածքով, յուրաքանչյուր ամիս արյան անալիզ են հանձնում համալսարանական կլինիկայում՝ այդպիսով աջակցելով գիտական հետազուոտթւայն անցկացմանը։
«Այն դեպքում, երբ թեթև են տանում, շատ ավելի քիչ հակամարմին է ձևավորվում։ Բայց իմունիտետը չի կայանում միայն հակամարմիններից, նաև բջջային մակարդակով կա։ Այսինքն՝ բջջային իմունիտետ, որ մենք չենք ուսումնասիրել դեռևս։ Ընդհանրապես այս հետազոտություններով մենք նախնական արձագանքեցինք հանրային հարցադրմանը, թե՝ կա՞ իմունիտետ հիվանդանալուց հետո, ինչքա՞ն երկար կմնա», - նշում է ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Պաշտոնական տվյալներով, ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսով կրկնավարակի 540 դեպք, թեև, ըստ Առողջապահության նախարարի, այս դեպքերի կրկնավարակ լինելը դեռ պետք է հետազոտվի։
ԵՊԲՀ-ի ռեկտորի խոսքով, տրամաբանությունը հուշում է, որ եթե քովիդով վարակվածի մոտ վիրուսի ընթացքն ավելի թեթև է անցել, ապա նորից վարակվելու դեպքում նույնպես թեթև կտանի։ Իսկ ծանր դեպքերի համար, հատկապես, երբ օրգանիզմը դեռ ամբողջությամբ չի վերականգնվել, երկրորդ անգամ վարակվելը երբեմն կարող է ճակատագրական դառնալ։ Առողջապահության նախկին նախարարը կարծում է, որ Կառավարությունը բոլոր հնարավորություններն ունի պատվաստումների հանդեպ վստահությունը բարձրացնելու համար։
«Շատ քիչ բան է հարկավոր», - ասում է Մուրադյանը։ - «Կարծում եմ, որ պետք է բնակչության հետ ազնիվ, պարզ խոսել։ Այո, նոր ինֆեկցիա է, նոր ընթացքով, չուներ պատվաստանյութ մինչև դեկտեմբեր, դեկտեմբերից 7 տեսակի կա, ընտրե՛ք։ Պատկան մարմինները որ ընտրել են այս տեսակը կամ այն տեսակը, սա երկրորդ հարցն է։ Գնայիք պատվաստվեիք, եթե կար։ Հիմա բերել են ուրիշը, էլի չեք ուզում՝ ասելով, որ վատն ա։ Երբ որ լավն էր, լավով էլ չէին անում։ Ես կողմ եմ, որ բերեն տարատեսակ, և մարդն ընտրության իրավունք ունենա․․․ Բայց չքննարկենք պատվաստվելու գործընթացը, որովհետև դրա այլընտրանքը հիվանդանալն է»։
Առողջապահության նախարարությունն այսօր հայտարարեց, որ Հայաստանում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածության 10 դեպք։ Ու քանի որ չի բացառվում կորոնավիրուսի այլ տեսակներով վարակվելու հավանականությունը, մասնագետները խորհուրդ են տալիս չթուլացնել զգոնությունը՝ դրան գումարելով նաև պատվաստվելը։
Առողջապահության նախարարւթյան այսօրվա տվյալներով, 1 օրում արձանագրվել է քովիդի 1116 նոր դեպք, մահացած 23 քաղաքացուց 4-ի մոտ թեև հայտնաբերվել է քովիդ, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ 864 մարդ առողջացել է։
Արմեն Մուրադյանը տարակուսած է, թե ինչպես են որոշ շրջանակներ քննարկում պատվաստվել-չպատվաստվելու հարցը։ Ասում է՝ եթե թվերով, ապա մինչև այսօր վարակվել է շուրջ 200 հազար մարդ, մահացել ավելի քան 4000-ը։ Կոլեկտիվ իմունիտետ, ըստ համալսարանի ռեկտորի, ձևավորվոմ է, երբ բնակչության առնվազն 70-ն է վարակված լինում, իսկ թվերը ցույց են տալիս, որ ՀՀ-ում բնակչության 10 տոկոսն էլ դեռ չի վարակվել։
«Այսպիսի վիճակագրություն ունեցող երկրում պատվաստվելը կասկածի տակ դնելը, քաղաքակրթությանը չհամապատասխանող քննարկումներ են», - հավելում է Մուրադյանը։ - «200 հազար մարդ եթե պատվաստվեր, համեմատելի կլինե՞ր բարդությունները։ Իսկ էն, ինչ որ սպասվում է մեր ժողովրդին, որ մինչև 70 տոկոս մենք պետք է անպայման իմունիզացիայի ենթարկվենք հիվանդանալու ճանապարհով․․․ Առանձին կարծիքներ օգտատերերը որ տենց ստեղծագործում են, հաշվետո՞ւ են, պատասխանատո՞ւ են․․․Ես իրանցից տեսնում եմ հետո ռեանիմացիաներում, տեսնում եմ հիվանդանոցներում էդ մարդկանց։ Հասկանում եմ, որ ուղղակի պատկերացում չունեն»։
ԵՊԲՀ-ի՝ օրեր առաջ հրապարակած հետազոտության համաձայն, Հայաստանում քովիդից մահացածների 29 տոկոսից ավելին 60-69 տարիքային խմբի ներկայացուցիչներն են, 27 տոկոսից ավելին՝ 80 և բարձր։
Աշխարհում դեռ չկա բացատրություն, թե ինչով է պյամանավորված հիվանդության ընթացքն այս կամ այն մարդու մոտ, բայց արդեն կարելի է հետևություններ անել, թե առողջացած մարդու մոտ ինչ հետևանքներ են մնում։
«Ազդում է հոգեբանական։ Ռեանիմացիոն հիվանդները, որոնք երկար ժամանակով պառկում են, էդ վախի զգացողությունը թթվածնի պակասից ձևավորվող, բերում է աստենիզացիայի և բերում ա, որպես հետևանք, նաև ծանր դեպրեսիաների։ Ես կարծում եմ, հիշողության վրա է ազդելու։ Առհասարակ ֆիզիկական տկարությունը բավական երկար է պահպանվում։ Թե ինչպիսի հետևանքներ կլինեն սոմատիկ՝ սիրտ-անոթային, մկանային, հոդերի հետ կապված, դեռևս վաղ է ասել», - նշեց Արմեն Մուրադյանը։
Բժշկական համալսարանի գիտնականները վստահեցնում են՝ կորոնավիրուսի հաղթահարման միակ ու անվտանգ մեթոդը պատվաստումն է։ Բուհի մասնագետները բերում են Իսրայելի օրինակը, որտեղ արդեն պատվաստել է բնակչության շուրջ 54 տոկոսը, այդ թվում՝ 70 և բարձր տարիքային խմբի բնակչության 84 տոկոսից ավելին։ Արդյունքում տարեսկզբից COVID-19 նոր դեպքերի թիվն Իսրայելում նվազել է շուրջ 70 տոկոսով։