Ապաշրջափակումը շահավետ է բոլոր կողմերի համար, շեշտում է ՌԴ ԱԳ փոխնախարարը

Հարավային Կովկասում տնտեսական ուղիների և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը շահավետ է բոլոր կողմերի համար, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Տարածաշրջանը տևական ժամանակ տառապել, և հիմա էլ տառապում է երկուստեք շրջափակումներից և նորմալ համագործակցության անհնարինությունից։ Այսօր կան նշաններ, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ․ տրանսպորտային միջանցքները և տնտեսական հաղորդակցության միջոցները պետք է բացվեն և զարգանան բոլոր ուղղություններով՝ կապակցելով տարածաշրջանի բոլոր երկրները», - ասել է ՌԴ փոխարտգործնախարարը «Մոսկվա-Բաքու» պարբերականին։

Այս հարցի շուրջ բանակցելու համար նախօրեին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մեկնել էր Բաքու, ապա՝ ժամանել Երևան, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպել էր Հայաստանի, ապա՝ Ադրբեջանի արտգործնախարարների հետ, հաջորդ շաբաթ էլ ակնկալվում է վարչապետ Փաշինյանի այցը Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման։