Փորձագետը չի բացառում քննություններից հետո ընդունելության նոր կարգի հետ կապված բողոքները

Այս տարի ընդունելության քննություններից հետո չի բացառվում բողոքի նույն ալիքը բարձրանա, ինչ նախորդ տարի էր։ Նման կարծիք հայտնեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ անդրադառնալով երեկ գործադիրի հավանությանն արժանացած բուհական ընդունելության քննությունների նոր կարգին։

«Նախորդ տարիների կարգն ավելի կարևորում էր այն թվանշանը, որ ստանում էին դիմորդները քննության ժամանակ, այս մոտեցման առավելությունն այն է, որ առաջնային է համարվում դիմորդի մասնագիտական կողմնորոշումը», - ասաց փորձագետը։

Ընդունելության քննությունների նոր՝ փոփոխված կարգով դիմորդը առաջին փուլով կարող է դիմել միայն մեկ բուհ՝ մեկ մասնագիտության համար։ Նախաքովիդյան տարիներին դիմորդները կարող էին դիմել մի քանի մասնագիտության համար։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը երեկ Կառավարության նիստում մանրամասնեց՝ առաջին փուլով մրցույթը չհաղթահարած դիմորդները հնարավորություն կունենան նորից մասնակցել՝ թափուր տեղերի համար։

«Երկրորդ փուլով, այն դիմորդները, որոնք չեն ընդունվել առաջին փուլով, կարող են դիմել 6 տարբեր մասնագիտություններով, բայց որոնք պահանջում են այն քննությունների փաթեթը, որն ինքն ունի հանձնած», - ասաց Դումանյանը։

Նոր կարգը ներկայացնելուց հետո, վարչապետը հարց ուղղեց նախարարին․ - «Էդ հայտը լրացնելու պահին իր համար արդեն պարզ չի՞ լինում, թե ինքը որտեղ կարող է ընդունվել»։

Դումանյանը պատասխանեց․ - «Երկրորդ փուլում արդեն ըստ միավորների՝ ով բարձր միավոր ունի, նա արդեն կանցնի»։

Ընդունելության այս կարգը նման է նախորդ տարի բողոքի մեծ ալիք բարձրացրած քննական կարգին, երբ ընդունելության մրցույթն անցկացվեց հայտի միայն առաջին տողով նշված մասնագիտության գերակայությամբ։ Արդյունքում 700-ից ավելի դիմորդ, բարձր միավորներով հաղթահարեց անցողիկ շեմը, բայց որևէ բուհ չընդունվեց։ Հիասթափված ուսանողները հարցերը փորձեցին բողոքի ակցիաների միջոցով լուծել։

Սերոբ Խաչատրյանը նման խնդիրներ նաև նոր կարգի պարագայում չի բացառում․ - «Այս դեպքում խնդիր ունենալու են ընդամնեը 3-4 մասնագիտությամբ դիմողներ՝ դա Բժշկական համալսարանն է՝ բուժական ֆակուլտետ, իրավագիտություն, միջազգային հարաբերություններ և ամենայն հավանականությամբ՝ անգլերեն, որովհետև այս մասնագիտությունների դեպքում դիմորդների թիվը շատ է, մրցակցությունը մեծ է և հնարավոր է, որ բարձր միավորներով չընդունվեն։ Այ էս դիմորդների համար կարող է խնդիր առաջանալ, որովհետև իրենք արդեն երկրորդ հայտով կարող է չկարողանան հավակնել այնպիսի ֆակուլտետներ, որոնք նույնպես իրենց համար ընդունելի են, ասենք՝ միջազգային հարաբերություններ, կա՛մ հանրային կառավարում, կա՛մ քաղաքագիտություն և այլն»։

Եթե նախորդ տարի համաճարակով պայմանավորված միայն մեկ քննություն էր անցկացվում, այս տարի կլինի ոչ ավելի, քան` երկուսը, նշեց նախարարը։ Այս փաստը, նախորդ տարվա համեմատ, իրավիճակը կմեղմի՝ կարծում է փորձագետը։

«Մի քննության դեպքում ցածր միավորներն ավելի քիչ են, կտրվողները քիչ են, երկուսի դեպքում շեմը իջնում է, երեխան կարող է պատմությունից 19 ստանա, բայց լեզվից չկարողանա 19 ստանալ։ Այսինքն՝ երկու քննության դեպքում միավորները իջնում են, իսկ եթե երեխայի միավորն իջնում է, իրա բողոքելու բանն էլ է իջնում», - ասաց Խաչատրյանը։

Ընդունելության նոր կարգով առաջնային է համարվում դիմորդի մասնագիտական կողմնորոշումը, ինչը փորձագետը թեպետ շատ կարևորում է, բայց նաև վստահ է, որ 17-18 տարեկան դիմորդները չեն կարող հստակ որոշել իրենց մասնագիտությունը։ Հետևաբար, որպես լավագույն տարբերակ, Խաչատրյանն առաջարկում է նախ անցկացնել քննություններ, որից հետո ստացած արդյուքններով դիմորդը կկարողանա դիմել բուհեր և ընտրել այն ֆակուլտետը, որտեղ իր բալերը անցողիկ կլինեն։

Իրենք՝ ապագա դիմորդները, կարծես թե ընդգծված վերաբերմունք չունեին ոչ հին, ոչ էլ նոր կարգի մասին, ամեն դեպքում ավելի շատ կարևորում էին քննություններին լավ պատրաստվելը։

«Ինձ թվում է էս նոր տարբերակն ավելի լավ է, ավելի հեշտ կլինի չսովորողների համար էլ, սովորողների համար էլ», - ասաց «Ազատության» զրուցակիցը։

Մեկ այլ զրուցակից էլ նշեց․ - «Իմ կարծիքով լավ է, որ հնարավորություն ունես ուրիշ բուհ էլ տաս, որովհետև, եթե պարապում ես ու վստահ ես, պարզ է մնացած տեղերն էլ կընդունվես»։

Այս տարի հայաստանյան բուհերում կհայտարարագրվի 2 հազար 918 անվճար և 22 հազար 300 վճարովի տեղ։ Գնահատման և թեստավորման կենտրոնն (ԳԹԿ) արդեն նախապատրաստական աշխատանքներով է զբաղված, ընդ որում, հայտերի ընդունման գործընթացը միայն էլեկտրոնային եղանակով է լինելու՝ թղթային տարբերակով հայտեր չեն ընդունվելու։