Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, ինչպես և այլ բուհեր, արդեն ավարտել է այս տարվա ընդունելության քննությունները: Ինստիտուտի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լիլիթ Արզումանյանը գոհ է ընդունելության թե' արդյունքներից, թե' նախորդ տարիների համեմատ դիմորդների քանակի աճից:
«Եվ ամենակարևորը՝ ընդունելության քննություններն ավարտվել են առանց որևէ արտառոց դեպքի», - «Ազատության» հետ զրույցում շեշտեց Լիլիթ Արզումանյանը: - «Արդեն երկրորդ տարին է, որ ես մասնակցում եմ քննություններին, և այս տարի տպավորությունս շատ լավն է: Այն իմաստով, որ շատ լավ երեխաներ էին, դիմորդներ էին և' դերասանական, և' ռեժիսուրայի բաժնում: Պատկերացրեք, մեծ կոնկուրս կար, նախ կային տղաներ, դա արդեն լավ է:
«Ազատություն». – Իսկ ինչո՞վ եք բացատրում այս տարի դիմորդների քանակի ավելացումը:
Արզումանյան. – Կարող է պատահել, բոլորը էդպես են ասում, իբր էս տարվա ավարտողները շատ էին: Ասում են նաև, որ պատճառը հիմնականում մեկ քննությունն էր: Բայց մեր պարագայում դա մի քիչ խաբուսիկ է: Որովհետև հայտարարվեց, որ մեզ մոտ տալիս են մեկ մասնագիտական քննություն: Մերը երկու կամ երեք մասնագիտական քննություն էր, մենք արեցինք հետևյալ կերպ. վերցրեցինք հիմնական մեկը, բայց այդ մյուս երկու քննություններից մեկական բաղադրիչ ներառեցինք քննության մեջ: Որովհետև ուսանողը եթե դերասանական ա տալիս, պիտի և' երգի, և' պարի, և' էտյուդ անի, որևէ բան արտասանի կամ արձակ, կամ չափածո, կամ առակ... այսինքն` ընդհանուր պատկերը պետք է պարզ լինի հանձնաժողովի համար: Այսինքն` մերը իրականում մի քննություն էր, բայց` ամբողջական պատկերը ներառող:
«Ազատություն». – Այսինքն` այնուամենայնիվ, մեկ քննությունը չէր պատճառը դիմորդների ավելացման:
Արզումանյան. – Կարծում եմ, որ չէ: Հիմա թատերական շատ են տալիս, և բոլորն ասում են, թե պատճառը նաև էդ չարաբաստիկ սերիալներն են: Մենք հարցնում ենք` սերիալնե՞րն են պատճառը, որ եկել եք, բոլորը համատարած նույն պատասխանն են տալիս` մանկուց երազել ենք:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք լսել այստեղ․