Սերգեյ Լավրովն առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը, արխիվ

Այսօր Մոսկվայում ԱՊՀ արտաքին գործերի նախարարների հերթական հավաքի շրջանակներում Ռուսաստանի արտգործնախարարը մի շարք երկկողմ հանդիպումներ է անցկացնելու, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Խոսքը առանձին, ոչ եռակողմ հանդիպումների մասին է։

Արա Այվազյանի հետ Սերգեյ Լավրովը հանդիպելու է այսօր երեկոյան:

Նշենք նաև, որ Բաքվում է եռակողմ աշխատանքային խմբում ռուսական կողմը ներկայացնող փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Այսօր նրան ընդունել է Ադրբեջանի նախագահը: Հանդիպմանը Իլհամ Ալիևն ասել է, թե գոհ է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունից, և արդեն կոնկրետ արդյունքներ կան։

Ռուս պաշտոնյայի հետ հանդիպմանը Ալիևը նաև հայտարարել է․ «Հետկոնֆլիկտային իրավիճակն ընդհանուր առմամբ դրական է զարգանում, էսկալացիայի ռիսկերը նվազագույն են»։ Ռուսաստանի փոխվարչապետն Ալիևի հետ հանդիպմանը, իր հերթին, ընդգծել է, որ եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունում կա որոշակի առաջխաղացում:

Այս հանդիպումից հետո կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցը: Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն՝ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և Հարավային Կովկասում տնտեսական կապերի ու տրանսպորտային հաղորդակցությունների կարգավորման ընթացքը: Գոհունակությամբ նշվել է, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ընդհանուր առմամբ կայուն է, իսկ հրադադարի ռեժիմը անշեղորեն պահպանվում է: Դրական գնահատական է տրվել երեք երկրների [Ռուսաստանի,Հայաստանի և Ադրբեջանի] փոխվարչապետերի համանախագահությամբ աշխատանքային խմբի գործունեությանը:

Պաշտոնական Բաքուն ղարաբաղյան խնդիրը համարում է կարգավորված, համենայնդեպս այս փուլում, պարբերաբար այս մասին հայտարարություններ է անում։ Առաջնային խնդիրը Ադրբեջանն այսօր համարում է այսպես կոչված «Նախիջևանի միջանցքը»։ Երեկ Ալիևը հերթական անգամ խոսել է միջանցքի մասին և նորից Հայաստանի մաս կազմող Սյունիքն անվանել ադրբեջանական տարածք։

«Կարծում եմ, որ դրանցից կարևորագույնը տրանսպորտային հնարավորություններն են։ Այսօր մենք արդեն շատ ակտիվ աշխատում ենք Զանգեզուրի միջանցքի վրա։ Նախիջևանում կայացած գագաթնաժողովում ես ասացի, որ ժամանակին Զանգեզուրը Ադրբեջանի կազմից դուրս բերելն ու Հայաստանին միացնելը նշանակում էր թյուրքական աշխարհի աշխարհագրական մասնատում, որովհետև եթե քարտեզին նայենք, ապա կարելի է տեսնել, որ մեր մարմնի մեջ կարծես դաշույն էին մտցրել, թյուրքական աշխարհը բաժանվեց։ Զանգեզուրը, որը հին ադրբեջանական հող է, այժմ խաղալու է թյուրքական աշխարհի միավորման դերը, քանի որ Զանգեզուրով անցնող տրանսպորտային, կոմունիկացիոն, ենթակառուցվածքային նախագծերը կմիավորեն ողջ թյուրքական աշխարհը, ինչպես նաև լրացուցիչ հնարավորություններ կստեղծեն այլ երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար», - Թյուրքալեզու պետությունների գագաթնաժողովին երեկ հայտարարել է Իլհամ Ալիևը:

Նույն այս ելույթում Ալիևը հերթական անգամ նաև ասել է, թե պատերազմը սադրել է հայկական կողմը, և խոստովանել, որ ադրբեջանական կողմի լայնածավալ հարձակման համար ազդանշան էր լիակատար աջակցության մասին Թուրքիայի հայտարարությունը։

Դեռևս մի քանի ամիս առաջ, երբ եռակողմ համաձայնագիրը նոր էր կնքվել, պաշտոնական Մոսկվան պարբերաբար շեշտում էր, որ խոսքը ոչ թե միջանցքի, այլ տրանսպորտային նոր ուղիներ կառուցելու մասին է, այսօր արդեն չի հայտարարում։ Ի դեպ՝ տրանսպորտային ուղիների կառուցման և ապաշրջափակման հարցերը ադրբեջանցի փորձագետների կարծիքով՝ լինելու են Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների այսօր նախատեսված հանդիպման օրակարգի հիմնական թեմաներից։