Հայաստանը Ռուսաստանի և Հոլանդիայի մասնագետների հետ իրականացնում է մասունքների բարդ նմուշների ԴՆԹ հետազոտություն․ նախարար

Հայաստանը վերջին երկու-երեք շաբաթների ընթացքում Ռուսաստանի և Հոլանդիայի մասնագետների հետ համատեղ իրականացնում է զոհված զինծառայողների մասունքների բարդ նմուշների ԴՆԹ հետազոտություն, այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մեկ օրինակ բերեմ, որ մի նմուշը 7-րդ անգամից, որոշակի մշակման գործընթացներ անցնելուց հետո, հնարավոր եղավ նույնականացնել։ Գործընթացը շարունակվում է», - ասաց նախարարը։

Թե քանի ընտանիք է սպասում ԴՆԹ հետազոտության արդյունքների, նախարարն ասաց, որ թիվ չի հրապարակի։

Նշենք, որ պատերազմից վեց ամիս անց դեռ կան զոհված զինծառայողների մարմիններ, որոնք ԴՆԹ փորձաքննությամբ հնարավոր չի եղել նույնականացնել։ Առողջապահության նախարարը պարզաբանել էր, որ որոշ մասունքներ այնքան են վնասված, որ դրանց փորձաքննությունը Հայաստանում անհնարին է իրականացնել։