«Խոսքը Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքից դեպի հարավ ընկած հատվածի մասին է, որի մեջ ներառվում են նաև Իշխանաձորը, մի շարք այլ համայնքներ, որտեղ մարտական գործողություններ են իրականացվել, և հասնում է մինչև Կովսական։ Մյուս կողմից Հադրութի շրջանում է իրականացվում», - «Ազատությանը» փոխանցեց Արցախի ներքին գործերի նախարարության մամլո խոսնակ Հունան Թադևոսյանը։
Երեկ դարձյալ հարավային ուղղությամբ որոնողական աշխատանքները անարդյունք են եղել, որևէ մարմին չի հայտնաբերվել։ Փրկարարները սակայն օրվա երկրոդ կեսին կանչ են ստացել Մարտակերտից, որտեղ հրթիռակոծված ու հրդեհված զորամասերից մեկի տարածքում զինվորները զոհված զինծառայողի մասունք էին գտել․ - «Նախնական տվյալներով, խոցված է եղել հրթիռից, և հրկիզվել էր տարածքը։ Ցավոք սրտի, այդտեղ գտնվող մարդիկ ևս զոհվել են։ Գտնվել են մասունքները զինծառայողի և դատաբժշկական փորձաքննության են ներկայացվել։ Կարծում եմ, առաջիկայում պարզ կլինի ինքնության մասով»։
Ներքին գործերի նախարարության մամլո խոսնակի տեղեկացմամբ՝ ողջ մնացած զինծառայողների նույնպես փնտրում են, թեպետ դեկտեմբերի 22-ից հետո որևէ ողջ մարդ Ադրբեջանին անցած տարածքներում չի հայտնաբերվել․ - «Ողջերին փնտրում ենք լեռնային հատվածներում, որտեղ անտառածածկ է։ Մենք այնտեղ բարձրախոսներ ունենք, Կարմիր խաչի դրոշները։ Խոսում ենք և՛ Արցախի բարբառով, և՛ գրական հայերենով, որպեսզի տարածքում գտնվող զինվորները հասկանան, որ մենք իսկապես հայեր ենք»։
Զինադադարից հետո մինչև այժմ 1486 աճյուն է հայտանբերվել։ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում շարունակվում են գենետիկ փորձաքննությունները՝ հարազատներից վերցված ԴՆԹ նմուշների միջոցով նույնականացնելու ու պարզելու զոհվածի ինքնությունն ու արյունակցական կապը։
Արդեն երկու ամիս է կենտրոնում գենետիկ փորձաքննությունների երկրորդ հոսքագիծն է տեղադրվել։
«Ձեռք են բերվել այնպիսի սարքավորումներ, որոնք աշխատանքը մի քանի անգամ ավելացրել են», - «Ազատությանը» փոխանցեց կենտրոնի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի փորձագետ Դիանա Հարությունյանը՝ մանրամասնելով․ - «Ձեռք է բերվել ԴՆԹ-ի անջատման ավտոմատացված համակարգ։ Եթե մինչև այս փորձագետները իրենք էին ԴՆԹ-ն անջատում, ներկայումս անջատման համակարգը ինքնուրույն, ավտոմատացված է անում»։
Փորձաքննությունները հիմա կրկնակի ծավալով են իրականացվում։ Սարքերը, չորս գենետիկ փորձագետներն աշխատում են 24 ժամ, շաբաթը 7 օր։
Բայց, Մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի փորձագետ Հարությունյանի խոսքով, նույնականացման գործընթացը երկար է տևում ցավալի ու օբյեկտիվ պատճառներով․ - «Փորձաքննությունները հիմա ավելի շատ իհարկե կրկնում ենք, որովհետև հաճախակի ծնողները չեն հավատում, արժանահավատության վրա կասկածում են։ Ունենք ծնողներ, որոնք հանձնում են կրկնակի անգամ, հանձնում են քույրերը, եղբայրները։ Խնդրում են միևնույն մասունքից կրկնակի նմուշառում կատարել և նորից փորձաքննություն կատարել։ Որպես կանոն, մենք ընդառաջում ենք և նման աշխատանքներ նույնպես կատարում ենք»։
6-րդ ամիսն է Հերացի են բերվում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված մարմիններ, վերջին ամիսներին արդեն՝ միայն ոսկրային հյուսվածքներ։ Եթե սկզբնական փուլում մեկ մարմին ու մեկ նմուշի հետ էին գործ ունենում փորձագետները, ապա այժմ գործ ունեն առանձնացված հյուսվածքների հետ։ Հաճախ մի քանի նմուշներ են նույնականացվում մեկ անուն-ազգանվան հետ, երբեմն տարբեր ժամկետներում։ Ծնողները այս անտանելի պատմության մեջ անշուշտ կասկածներ են ունենում։
Դիանա Հարությունյանի խոսքով, հավաստիության 99,9 տոկոսից բարձր պատասխանի դեպքում են միայն հաստատում ծնողի ու զինվորի արյունակցական կապը. - «Որպեսզի մենք ինքներս չկասկածենք մեր տվածի վրա։ Մարդիկ իրավունք ունեն կասկածելու, էլի կասկածում են։ Յուրաքանչյուր ստացված նույնականացման արդյունքում մինչև որ չենք տեսնում հավաստիությանը արժանահավատ տվյալը, այսինքն՝ 99,9 թվանշանը, մենք չենք տալիս հավաստի պատասխան տվյալ ծնողին»։
Պատերազմի առաջին օրից մինչև փետրվարի 18-ը 3684 դատաբժշկական փորձաքննություն է կատարվել։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։ Դատաբժշկական կենտրոնում մասունքների նույնականացումը դեռ ամիսներ է տևելու։