Հայաստանում համաճարակային իրավիճակը «բավականին լարված է»

Հայաստանում համաճարակային իրավիճակը բավականին լարված է, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ըստ նախարարի՝ ավելի քան 2 հազար քաղաքացի հոսպիտալացված է, և կան հերթում սպասողներ։

Ավանեսյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

Անահիտ Ավանեյան․ - Բավական լարված համաճարակային իրավիճակ է, մենք տեսնում ենք թվերի կայուն աճը, և արդեն երկու շաբաթ է, որ խստացված կարգով փորձում ենք հակահամաճարակային միջոցառումներ իրականացնել, դրանց նկատմամբ վերահսկողությունն ավելի խստացնել։ Պիտի ամեն ինչ անել, որպեսզի իրավիճակն էլ ավելի չլարվի։ Այս պահին մենք ունենք 2 հազար 160-ի կարգի հոսպիտալացված քաղաքացիներ և օրական ունենում ենք հերթեր, որոնք որ սպասում են նոր բացվող, ազատվող մահճակալների, և մեկ օրվա ընթացքում տեղավորվում են հոսպիտալներում։

«Ազատություն»․ - Օրինակ երեկ մոտ 150 մարդու մասին էր խոսք գնում, եթե չեմ սխալվում։ Էս դեպքում ինչո՞ւ հիվանդանոցային ծավալը չի մեծացվում։

Անահիտ Ավանեսյան․ - Մեծացվում է, ամեն օր մեծացվում է։ Եթե նայեք դինամիկան, վերջին 10 օրվա ընթացքում 11 բժշկական կազմակերպություններից այս պահին սպասարկում է 20 բժշկական կազմակերպություն, մահճակալային ֆոնդը հարյուրներով ավելանում է։

«Ազատություն»․ - Կա՞ն արդյոք կանխատեսումներ, թե առաջիկայում ինչ արագությամբ կտարածվի վարակը։ Երրորդ ալիք, որ ասում են, դրա պիկը մենք ե՞րբ կունենանք։

Անահիտ Ավանեսյան․ - Այս պահին մեզ մոտ մեկ անձը վարակում է մեկից ավել քաղաքացիների, ինչը խոսում է աճի տեմպի մասին։ Այսինքն՝ թվերի աճ մենք ստաբիլ ունենալու ենք, բայց ինչպիսին կլինի այդ աճի կորը, կախված է բազմաթիվ գործոններից։ Եթե մենք կարողանանք խստորեն հետևել դիմակների կրման ռեժիմին, փակ տարածքներում առավել ևս, և բոլոր միջոցառումները ճիշտ կերպով անենք, հնարավոր է զսպել այդ տեմպի աճը և իջեցնել կորը, չթողնել, որ այն չափից շատ ավելանա։

«Ազատություն»․ - Եթե ճիշտ չեմ, ինձ ուղղեք․ հիվանդությունից հետո հակամարմինը 6-ից 8 ամիս մոտավորապես պահպանվում է, և սա նշանակում է, որ Հայաստանում արդեն կարող են մեծ թվով կրկնավարակակիրներ լինել, կա՞ նման հետազոտություն։

Անահիտ Ավանեսյան․ - Մենք արել ենք նման հետազոտություն՝ հասկանալու համար արդյո՞ք ունենք կրկնավարակներ, ի՞նչ ինտերվալ է եղել առաջին և երկրորդ թեստավորումների արանքում և 540 կրկնավարակի դեպք ենք գրանցել։ Սա ընդհանուր առմամբ երկու դրական թեստ ունեցողների մասին է խոսքը, բայց ընդհանուր թվի մեջ պետք է շատ զգույշ լինել և խորանալ, հասկանալ դրանց իդեալոգիան, ինչպես է թեստավորումն իրականացվել, ինչքան է եղել ինտերվալը թեստավորումների արանքում։ Սա շատ կարևոր հանգամանք է հասկանալու, որ լինում են դեպքեր կրկնավարակների։ Ամբողջ աշխարհով է այս հետազոտությունն իրականացվում, և այս պահին մինչև 20 հազար կրկնավարակի դեպք է գրանցվել։ Իհարկե սա փոքր թիվ է ընդհանուր վարակվածների շրջանում, ինչը խոսում է իմունիտետի վերաբերյալ, այսինքն՝ այն մեծ թվով չի կրկնավարակները, բայց այնուամենայիվ տեղ ունի։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ