14 երկրներ Չինաստանից պահանջում են հրապարակել կորոնավիրուսի ծագման մասին ամբողջական զեկույցը

Պետեր Բեն Էմբարեկի ղեկավարած ԱՀԿ մասնագետների թիմը չինացի գործընկերների հետ համատեղ ասուլիսում, Ուհան, Չինաստան

Միացյալ Նահանգները և ևս 13 պետություններ Չինաստանին կոչ են արել «տրամադրել կորոնավիրուսի ծագման հարցով Առողջապահության համաշխարհային կազմակերպության և չինացի փորձագետների ամբողջական զեկույցը»:

ԱՄՆ-ի կոչին միացել են Ավստրալիան, Կանադան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Նորվեգիան, Հարավային Կորեան, Սլովենիան, Մեծ Բրիտանիան, Իսրայելը և Ճապոնիան:

Այդ երկրներին մտահոգում է կորոնավիրուսի ծագման մասին հրապարակված զեկույցի համառոտ տարբերակում կարևոր տվյալների բացակայությունը:

Նշված երկրները պնդում են, որ համաշխարհային պանդեմիայի պատճառ դարձած հիվանդության ծագման մասին պետք է կազմվի «միջամտությունից և անհարկի ազդեցությունից անկախ վերլուծություն»:

Կոչը հրապարակվել է այն բանից հետո, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետազոտողների թիմի ղեկավար Պետեր Բեն Էմբարեկը Ժնևում ներկայացրել է կորոնավիրուսի ծագման մասին նախնական զեկույցը:

«Սա ընդամենը սկիզբն է, բարդ ուսումնասիրությունների առաջին, մակերեսային շերտը, առջևում դեռ կլինեն ավելի խորը հետազոտություններ»,- ասել է Էմբարեկը:

ԱՀԿ-ի և Չինաստանի փորձագետները հայտարարել են, թե կորոնավիրուսը հավանաբար մարդուն կենդանուց է փոխանցվել՝ մեկ ուրիշ կենդանու միջոցով:

Փորձագետները խիստ անհավանական եմ համարում վարկածը, որի համաձայն, վիրուսը կարող էր պատահաբար կամ միտումնավոր դուրս բերվել Ուհանի գիտական լաբորատորիայից: