Գերմանիայում սահմանափակել են կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի վակցինայի կիրառումը մինչև 60 տարեկան բնակիչների համար:
Տարիքային այդ կատեգորիայի մարդկիկ AstraZeneca-ի դեղամիջոցով կարող են պատվաստվել բժշկի հայեցողությամբ՝ անհատական ռիսկի վերլուծության և հնարավոր բացասական հետևանքների մասին տեղեկությունը պատվաստվողին մանրամասն բացատրելու պայմանով:
Գերմանիայում այդ որոշումն են կայացրել այն բանից հետո, երբ ստացվել են հաղորդագրություններ մինչև 60 տարեկանների շրջանում ոչ մեծաթիվ, բայց շատ ծանր ընթացող տրոմբոէմբոլիկ բարդությունների մասին, որոնք ի հայտ են գալիս պատվաստվելուց 4-ից 16 օր անց:
Այսօրվա դրությամբ Գերմանիայում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 2 միլիոն 790 հազար դեպք, COVID-19 հիվանդությունից մահացել է ավելի քան 79 հազար մարդ: Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ դեղաբաժինը ստացել է շուրջ 3 միլիոն 960 հազար մարդ: