Իրանում երեկ գրանցվել է կորոնավիրուսի 10 հազար 255 նոր դեպք: Դա ամենաբարձր ցուցանիշն է անցած երեք ամսում:
Մասնագետների փոխանցմամբ, Իրանում սկսվում է կորոնավիրուսի համավարակի չորրորդ ալիքը, որի պատճառը դարձել է իրանական նոր տարին՝ Նովրուզը:
Երկու շաբաթ տևող այդ ավանդական ժողովրդական տոնը նշելու համար մեծ թվով իրանցիներ երթևեկում են և այցելում են միմյանց:
«Ես բազմիցս ասել եմ, որ մեր վարչակազմն ունի երկու խնդիր, պայքար սանկցիաների և կորոնավիրուսի դեմ»,- ասել է նախագահ Հասան Ռոհանին:
Իրանում կորոնավիրուսով ախտահարվել է մոտ 1 միլիոն 900 հազար մարդ, մահացել` 62 հազար 569 հիվանդ:
Իշխանությունները Նովրուզի նախօրեին բնակիչներին հորդորել են խուսափել զանգվածային հավաքներից:
Իրանը Ռուսաստանից ստացել է Sputnik V վակցինայի 400 հազար դեղաչափ, ևս մեկ միլիոն 600 հազար դեղաչափ կստանա առաջիկայում:
Բացի այդ, Իրանը կստանա AstraZeneca-ի վակցինայի 4 միլիոն 200 հազար դեղաչափ, Sinopharm չինական վակցինայի 250 հազար դեղաչափ և Հնդկաստանում արտադրվող COVAXIN պատվաստանյութի կես միլիոն դեղաչափ: