Պատերազմից վեց ամիս անց դեռ կան ԴՆԹ-ով չնույնականացված զոհված զինծառայողների մարմիններ

Պատերազմից վեց ամիս անց կան զոհված զինծառայողների մարմիններ, որոնք ԴՆԹ փորձաքննությամբ հնարավոր չի եղել նույնականացնել։

Առողջապահության նախարարությունը մտադիր է որոշ նմուշներ ուղարկել արտերկիր՝ փորձաքննության։

«Ազատությանը» առողջապահության նախարարությունից հայտնեցին՝ Հայաստանում այդ նմուշները մի քանի անգամ ԴՆԹ փորձաքննության են ենթարկել, սակայն այդպես էլ չեն նույնականացվել։

Ավելի վաղ առողջապահության նախարարը պարզաբանել էր, որ որոշ մասունքներ այնքան են վնասված, որ դրանց փորձաքննությունը Հայաստանում անհնարին է իրականացնել. - «Հիմա, ներկայումս ունենք փոքրաթիվ փորձանմուշները, որոնք որ շատ բարդ են դրանց հետ աշխատել։ 210-ի չափ է կազմում», - նշել էր Անահիտ Ավանեսյանը:

Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում հիմա էլ դեռ շարունակվում են գենետիկ փորձաքննությունները՝ հարազատներից վերցված ԴՆԹ նմուշների միջոցով նույնականացնելու ու պարզելու զոհվածի ինքնությունը։

Այս ընթացքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքներն են շարունակվում։

Արցախի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանի փոխանցմամբ՝ որոնումներն արդեն ըստ անհրաժեշտության են իրականացվում՝ պարտադիր տարածքին ծանոթ կամ ռազմական գործողություններին մասնակցած ուղեկցորդի մասնակցությամբ։

«Քանի որ արդեն բոլոր տարածքներն ուսումնասիրված են, և հիմնականում բոլոր, անգամ ամենաանհավանական վայրերում իրականացվել են այդ աշխատանքները, մենք արդեն տեղերը չգիտենք, եթե կան մարդիկ, ովքեր ռազմական գործողություններին մասնակցել են և գիտեն, որ կոնկրետ իր մարտական ընկերոջ, ծանոթի կամ անծանոթի աճյունը գտնվում է էս ինչ վայրում, ինչ-որ հասցեում` դիրքային հատված կլինի, անտառային հատված կլինի, մենք այդ հասցեով ենք գնում հիմա` հենց իր ուղեկցությամբ, այսինքն՝ նրանք, ովքեր տեղեկացված են, իրենք ուղեկցում են փրկարար ջոկատներին, և մենք միասին անցնում ենք այդ տարածք և հանում ենք: Այդպիսի դեպքեր շատ են եղել, հիմա էլ արդեն այդպես ենք աշխատում», - ասաց Թադևոսյանը։

Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակի տեղեկացմամբ՝ ողջ մնացած զինծառայողներին նույնպես փնտրում են, թեպետ դեկտեմբերի 22-ից հետո որևէ ողջ մարդ Ադրբեջանին անցած տարածքներում չի հայտնաբերվել։

«Որոնողական աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանական կողմը թողնում է իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացնենք, և մենք պատրաստ ենք միշտ էլ գնալ, եթե լինեն ուղեկցողներ, եթե գիտեն մարդիկ, ովքեր ունեն կոնկրետ հասցե և տեղը գիտեն զինվորների, մենք պատրաստ ենք միշտ գնանք բանակցենք և տարհանենք», - ասաց Հունան Թադևոսյանը: