Ֆրանսիայի հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում մոտ 5 հազար կորոնավիրուսով հիվանդ կա

Ֆրանսիա - Կորոնավիրուսի դեմ պատվաստման կենտրոն Փարիզի արվարձաններից մեկում, մարտ, 2021թ․

Կորոնավիրուսային վարակով մոտ 5 հազար հիվանդ է գտնվում Ֆրանսիայի հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում: Այս մասին երկուշաբթի երեկոյան հայտարարել է երկրի առողջապահության նախարարությունը:

Երեկվա այս ցուցանիշը գերազանցեց համաճարակի երկրորդ ալիքի ժամանակ՝ աշնանը գրանցված առավելագույն թիվը:

Անցած օրվա ընթացքում ֆրանսիական հիվանդանոցներում մահացել է կորոնավիրուսային վարակով ևս 360 հիվանդ, երկրում համաճարակի զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 95 հազարին:

Ֆրանսիայում վերջին շրջանում համաճարակաբանական բոլոր ցուցանիշները կայուն կերպով վատթարանում են: Առաջիկա օրերին նախագահ Էմանյուել Մակրոնը և կառավարությունը կարող են հայտարարել համաճարակը զսպելու լրացուցիչ միջոցառումների մասին:

Հունգարիայում կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները երկարացվել են մինչև ապրիլի 8-ը: Երկրում շարունակում է գործել պարետային ժամը, ռեստորանները, մշակութային հաստատությունները, խանութներն ու դպրոցները շարունակում են փակ մնալ: