Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանն ահազանգում է, որ երեկ` ժամը 01:30-ին, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին «ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները»։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը կապ է հաստատել տվյալ մեքենայի վարորդի հետ: Վերջինիս փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել «Շուշի» ենթակայանից մոտավոր երկու կիլոմետր դեպի Բերձոր (Շուշի-Լիսագոր) հատվածում: Ուժեղ մառախուղի պատճառով վարորդը չի տեսել, թե ով է հարվածողը, սակայն իր փոխանցմամբ` հարվածները եղել են դիմահար, ինչը նվազեցնում է ճանապարհի մերձակա ժայռերից քարաթափման հետևանքով մեքենան վնասվելու հնարավորությունը, նշում է Արցախի ՄԻՊ-ի գրասենյակը:
«Հաշվի առնելով, որ դեպքը արձանագրվել է Շուշի քաղաքի մերձակայքում, բարձր է հավանականությունը, որ մեքենան քարկոծվել է ադրբեջանցիների կողմից: Կարևոր է ընդգծել նաև, որ մեքենան տեղափոխում էր զոհված զինծառայողների մարմիններ, այսինքն՝ իրականացնում էր հումանիտար գործառույթ», - ասված է ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ադրբեջանցիները քարեր էին նետել Մարտունու շրջանի Մսմնա գյուղից Ստեփանակերտ վերադարձող մեքենայի ուղղությամբ, վնասել «ՎԱԶ 2107» մեքենայի դիմապակին։