ԱՀԿ-ն հակված է այն կարծիքին, որ կորոնավիրուսը կենդանուց է փոխանցվել մարդուն

Չինաստան - ԱՀԿ մասնագետներն աշխատում են Ուհանում, փետրվար, 2021թ․

Մի շարք միջազգային լրատվամիջոցների տվյալներով՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հակված է այն կարծիքին, որ կորոնավիրուսի համաճարակի ծագման ամենահավանական պատճառը կենդանուց, մասնավորապես՝ չղջիկից, վիրուսի փոխանցումն է մարդուն, այլ ոչ թե չինական լաբորատորիայից արտահոսքը։

Կառույցի մասնագետները շաբաթներ առաջ այցելել էին Չինաստանի Ուհան (նաև՝ Վուհան) քաղաք՝ տեղում ուսումնասիրելու վարակի ծագման հանգամանքները։

Associated Press-ը, վկայակոչելով ԱՀԿ-ի հատուկ զեկույցի սևագիր տարբերակը, նշում է՝ կառույցը «քիչ հավանական» է համարում պնդումները, թե վարակը սկիզբ է առել կենսաբանական լաբորատորիայում ու տարածվել մարդկային սխալի պատճառով: Լրատվամիջոցը նշում է, որ զեկույցում այդուհանդերձ բացակայում է կորոնավիրուսի ծագման միանշանակ պատասխանը։

Ըստ պաշտոնական Պեկինի՝ վարակը հայտնաբերվել է Ուհանի մսի շուկաներից մեկում, որտեղ էլ փոխանցվել է մարդուն ու տարածվել։ Բազմաթիվ մասնագետներ, ինչպես նաև մի շարք երկրների հատուկ ծառայություններ, մինչդեռ, կասկածներ ունեն, որ COVID-19-ը ոչ թե այդ շուկայում, այլ շուկայից քիչ հեռու գործող լաբորատորիայից է տարածվել։

Չինաստանում կորոնավիրուսի վարակի առաջին դեպքի մասին հայտնի է դարձել 2019 թվականի դեկտեմբերին, շուրջ երեք ամիս անց ԱՀԿ-ն հայտարարել է համավարակի մասին։ Մեկ տարվա ընթացքում աշխարհում վարակվել է շուրջ 126 միլիոն մարդ, մահացել 2 միլիոն 800 հազարը։