Կրկին Հայաստան եկած ֆրանսիացի բժիշկները Գյումրիի վերականգնողական և Գյումրի բժշկական կենտրոնում պատերազմում վիրավորված զինծառայողներին բժշկական օգնություն են ցուցաբերում: Գյումրիի բժշկական կենտրոնում արդեն վիրահատել են պատերազմի երկու մասնակցի։
Ֆրանսահայ բժիշկ Վիգեն Երգանյանն ասաց՝ հիմնականում բեկորային վնասվածքների հետ գործ ունեն. «Մենք հիմնականում զննել ենք այն պացիենտներին, որոնք հրազենային, բեկորային կամ դրոնների հարվածների հետևանքով վիրավորումներ ունեն։ Վիրահատություններից հետո մենք կապի մեջ կլինենք այստեղի բժշկական անձնակազմի հետ, որպեսզի շարունակենք հետևել բուժման ընթացքին»։
Ֆրանսիացի մասնագետները արդեն երկրորդ անգամ են այցելում Գյումրի։ Փարիզի Համալսարանական հիվանդանոցների բժիշկների խմբի այցերի նախաձեռնողն ու կազմակերպիչը ծնունդով գյումրեցի, ֆրանսահայ վիրաբույժ Լևոն Խաչատրյանն է:
Առաջին այցի ժամանակ խորհրդատվություն են տվել, նաև որոշ բժշկական պարագաներ տրամադրել պատերազմի մասնակից վիրավոր զինծառայողներին: Բժիշկների մյուս խումբը Գյումրիի վերականգնողական կենտրոնում պատերազմի մասնակիցներին մասնագիտական օգնություն է տրամադրում։ Փարիզի հիվանդանոցի նյարդաբանական բաժանմունքի վարիչ Կարինե Շահբազյանը առաջին այցից հետո հասկացել է, որ վերականգնողական մասնագետների և բազմապրոֆիլ վիրաբույժների կարիք կա հատկապես Գյումրիում:
«Հունվար ամսին եղանք Գյուրիում, հասկացանք, որ կարիքը շատ մեծ է՝ վիրավորներ կան և վիրավորների հարազատներ, որոնք բացի ֆիզիկական տրավմայից նաև հոգեբանական մեծ տրավմա են ապրել և վերականգնողական բուժման անհրաժեշտությունը շատ առաջնահերթ է», - ասաց Շահբազյանը:
Ֆրանսիացի բժիշկները Հայաստանի մի քանի վերականգնողական կենտրոններում են եղել: Կարինե Շահբազյանն ասում է՝ կենտրոնները տեխնիկական միջոցներ ունեն, բայց ամեն դեպքում նկատել են, որ վերականգնողական բժշկությունը Հայաստանում զարգացած չէ. «Ընդհանուր առումով Հայաստանում վերականգնողական բուժումը թերևս բժշկության մեջ այն մասնաճյուղն է, որը խիստ զարգացած չէ: Կան կենտրոններ լավ, նույնիսկ առարկայական առումով հագեցած կենտրոններ, սակայն հիմունքների, սկզբունքների առումով անհրաժեշտ է օգնություն: Բոլոր դեպքերում մենք դա նկատեցինք բոլոր վերականգնողական կենտրոններում, որ անցել ենք և հասկացանք, որ ճիշտ կլինի խմբով, այսինքն բազմամասնագիտական կոնսուլտացիաներ կատարել և ճիշտ ուղղորդում տալ բուժմանը: վերականգնողական բուժումը ամիսների նույնիսկ տարիների հարց է, հետևապես պետք է սկզբում ճիշտ դրվի դիագնոզը, որպեսզի հետագայում ճիշտ արվի բուժումը»:
Երիտասարդ լոգոպեդ Գայանե Ղուկան Մարին ևս նկատել է, որ բուժման մեթոդների տարբերություն կա. «Կարճ ժամանակ է, որ այստեղ ենք, բայց նկատել ենք, որ բոլոր դեպքերում տարբերություն կա Ֆրանսիայում կիրառվող վերականգնողական բուժման և այստեղ կիրառվողի միջև, որոշ գործիքներ են պակասում, մեթոդների միջև տարբերություն կա»:
Ֆրանսիացի բժիշկների խումբը մարտի 29-ին կվերադառնա Փարիզ, անհրաժեշտության դեպքում պատրաստ են նորից գալ։